Բոլոր երկրները կտուժեն ԱՄՆ-ի և Չինաստանի միջեւ հակամարտության պատճառով․ ԱՀԿ ղեկավար

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)  գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուն հայտարարել է, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային հարաբերությունների սրումը բացասական ազդեցություն կ աշխարհի բոլոր երկրների վրա:

Մասնագետների կարծիքով, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրի ոլորտում կիրառվող սահմանափակումները կհանգեցնեն ներդրումների կրճատմանը և համաշխարհային տնտեսության ընդհանուր տեմպի դանդաղեցմանը: Միևնույն ժամանակ, ներմուծման մաքսատուրքերի բարձրացման արդյունքում ապրանքների գնի աճը զգալիորեն կազդի տարբեր երկրներում ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա: Այս մասին հայտարարել է Ռոբերտու Ազևեդուն:

«Առևտրային սահմանափակումները դանդաղեցնում են գլոբալ տնտեսական աճը և առևտրային հարաբերությունները: 2018 թվականին մի շարք երկրների կողմից իրականացված գործողությունների հետևանքով առևտրային սահմանափակումների ծավալը կազմել է 580 միլիարդ դոլար: Այս սահմանափակումները հանգեցնում են ներդրումների կրճատմանը և սպառողների վրա ճնշման գործադրմանը: Նման խնդիրների վրա չի կարելի աչք փակել: Առևտրային սահմանափակումներից ոչ ոք չի շահելու, և բոլոր երկրները կտուժեն, եթե մենք չհաջողենք լուծել այս խնդիրը: Սպառողական գների վրա ազդող հետևանքները բավականին ակնհայտ են: Մենք հասկանում ենք, որ այդ միջոցներն օգտագործվում են սպառողների համար կյանքը ոչ թե դժվարացնելու, այլ առևտրի համաձայնագրի կնքման համար դիրքերն ամրապնդելու նպատակով։  Սակայն սովորական քաղաքացիները չեն կարողանա խուսափել այդ սահմանափակումների բացասական հետևանքներից: Ավելին՝ ինչքան ցածր է քաղաքացիների եկամուտների մակարդակը, այնքան ավելի շատ կազդեն նրանց վրա առևտրային սահմանափակումները»,-նշել է Ազևեդուն:

Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետների գնահատականներով, Չինաստանի ապրանքների վրա Թրամփի վարչակազմի կողմից ներկրման տուրքերի հերթական աճը կհանգեցնի ամերիկացիների մանրածախ գների բարձրացմանը: Վաճառքի ծավալների կրճատումը, նախորդ արտադրական շղթաների խափանման հետևանքով ընկերությունների ծախսերի աճը և հետագայում ներդրումների ընդհանուր անկումը կազդի ոչ միայն ԱՄՆ-ում և Չինաստանում, այլ նաև շատ այլ երկրներում վաճառվող ապրանքների վերջնական արժեքի վրա: