ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական վեց նախարար ազատվել է պաշտոնից

Կառավարության ԲՀԿ-ական և Դաշնակցական նախարաներն ազատվել են պաշտոններից։ Վարչապետ Փաշինյանը նրանց արձակման հրամանները ստորագրել է  այդ մասին հայտարարելուց քիչ անց. «Այդ նախագծի ընդունումը դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու հրամաններ, աշխատանքից կազատվեն նաև այդ ուժերը ներկայացնող մարզպետները և նրանք բոլորն այս պահից համարվում են աշխատանքից ազատված»,- ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ներկայիս Կառավարությունում ԲՀԿ-ն ունի չորս նախարար՝ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը,  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը,Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը,
իսկ ՀՅԴ–ն երկու նախարար՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։