«Բալային» կամ «տուգանային միավորների» համակարգ. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ օրենսդրական վերջին փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունեց օրենսդրական ակտերի նոր փաթեթ՝ ճանապարհային երթևեկության մեջ սկիզբ դնելով Հայաստանում նախադեպը չունեցող, հասարակության շրջանում լայնորեն քննարկվող «բալային համակարգ» կամ  ինչպես նշված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում /այսուհետ նաև՝ «Օրենք»/ «տուգանային միավոր» հասկացությանը: Legalinfo.am-ի հարցերի պատասխանել է իրավաբան Դիանա Սաքանյանը

-Ի՞նչ է տուգանային միավորը և ու՞մ նկատմամբ է այն կիրառվում:

-Տուգանային միավորը վարչական տույժի տեսակ է, որը կիրառվում է ճանապարհային երթևեկության կանոնների /ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության/ խախտումներ կատարած անձանց նկատմամբ՝ Օրենքով նախատեսված դեպքերում:                                                                        

-Ե՞րբ և ի՞նչ կարգով է տրվում տուգանային միավորը։

-Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին ՀՀ-ում տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական ստանալու օրվանից /տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից/ մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր հաջորդ մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի: Օրինակ՝ 2020 թվականին վարորդական իրավունք ունեցող անձը սպառում է 6 միավոր և 3 միավորը չի փոխանցվում 2021 թվական։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ մեկ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են համապատասխան տուգանային միավորներ՝ ըստ կատարած իրավախախտման ծանրության: Օրենքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր: Օրենքի համաձայն ամենանվազ՝ 0.5 տուգանային միավոր է կիրառվում անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու, վարորդի կողմից կանգառի և/կամ կայանման կանոնները խախտելու, «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով /ցուցանակով/ կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոց կանգնացնելու և այլ դեպքերում: Տուգանային 1 միավորները, թերևս, ամենահաճախ կիրառվողներից են, օրինակ՝ վարորդի կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելու, երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելու, վազանցի կանոնները խախտելու, թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և/կամ հեռախոսակապից օգտվելու, տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելու և այլ դեպքերում: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեև մարդատար- տաքսի ավտոմոբիլներում ծխելը վարորդի համար առաջացնում է 25000 դրամ տուգանք և 1 տուգանային միավորի կիրառում։ Իսկ տուգանային 2 միավոր է կիրառվում այնպիսի իրավախախտումների դեպքում, ինչպիսիք են՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելը, ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կատարելու կամ հետադարձ կատարելու եղանակով, երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը և այլն: Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը` ինչպես նաև Օրենքով նախատեսված այլ դեպքերում կիրառվում է տուգանային 3 միավոր: Իսկ ամենախիստ 4 տուգանային միավորը կիրառվում է երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում: Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ վերը նշված տուգանային միավորների կիրառման դեպքում նշանակվում են նաև տուգանքներ՝ իրավավախատման ծանրության աստիճանին համապատասխան:

-Արդյոք իրավախախտման համար կիրառվելու են միա՞յն տուգանային միավորները։

-Ներկա իրավակարգավորումների շրջանակում տուգանային միավորը կիրառվում է որպես լրացուցիչ վարչական տույժ։ Միաժամանակ հարկ է նշել, որ կատարվել են փոփոխություններ նաև տուգանքների չափերում։ Օրինակ՝ տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապելու դեպքում նշանակվում էր 5000 դրամ տուգանք, ապա վերոնշյալ փոփոխությունների համաձայն՝ սույն իրավախախտումը առաջացնում է 10.000 դրամ տուգանք և 1 տուգանային միավորի կիրառում:

-Իսկ ե՞րբ են կիրառվում պատասխանատվության ամենախիստ միջոցները՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը:

-Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի 6 ամսյա կասեցում է նախատեսված տուգանային միավորի ձևով վարչական տույժ նախատեսող՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելու դեպքում, եթե այդ իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի և տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 կամ ավելի միավոր: Ընդ որում, նույն արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով զրկում է նախատեսված նաև այն դեպքում, երբ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, և եթե վերջինիս արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը: Իսկ այն դեպքում, երբ վարորդը սահմանված կարգին համապատասխան՝ սթափության վիճակը ստուգելու նպատակով խուսափում է զննություն անցնելուց, առաջանում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով:

-Արդյոք հնարավո՞ր է վերականգնել կորցրած միավորները կամ տրանսպորտային միջոցներ վարելու կասեցված իրավունքը։                                                             

-Օրենքը հնարավորություն է նախատեսել տվյալ տարում միավորները մասնակիորեն վերականգնելու կարգ։ Մասնավորապես, տվյալ տարում միավորների մնացորդը 3 և պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն։ Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր։ Միավորները վերականգնելու նպատակով անձը կարող է քննություն հանձնել տվյալ տարում միայն մեկ անգամ։

Իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն։ Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու կասեցված իրավունքը վերականգնվում է։        

-Պրակտիկայում շատ են դեպքերը, երբ տրանսպորտային միջոցը շահագործվում է ոչ սեփականատիրոջ կողմից։ Այդ դեպքում  ո՞վ է կրում պատասխանատվություն կատարված իրավախախտման համար։                                                                                           

-Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման միջոցով, ապա օրենքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը /իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը/, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ։ Սույն խնդրի լուծման համար առկա է առցանց հարթակ, որը հնարավորություն է տալիս տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը  roadpolice.am կայքում գրանցվելու արդյունքում  կցել այլ անձի՝ որպես տրանսպորտային միջոցի շահագործող։ Ավելին, սույն հարթակը  հնարավորություն է տալիս  հետևել վարչական տույժ նշանակելու մասին կայացված որոշումներին, ինչպես նաև հետևել տուգանային միավորների մնացորդին։ Այսպես, այն դեպքում, երբ անձը չունի վարորդական վկայական, սակայն սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայով մեկ տարվա ընթացքում 3 անգամ այնպիսի խախտում է կատարվել, որի համար տուգանային միավոր  է հանվում, և ավտոմեքենայի սեփականատերը չի ապացուցել՝ ով է այդ 3 խախտումները կատարած անձը, ապա ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Հետախուզումը դադարեցվում է ավտոմեքենան հայտնաբերելիս և այն անհապաղ վերադարձվում է սեփականատիրոջը, եթե սեփականատերը սահմանված կարգով ներկայացնում է ավտոմեքենան շահագործող անձի տվյալները: Հետախուզումը դադարեցվում է նաև այն դեպքում, եթե մինչև ավտոմեքենան հայտնաբերելը սեփականատերը սահմանված կարգով ներկայացնում է այն շահագործող անձի տվյալները:

-Ե՞րբ կարող է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձի նկատմամբ կիրառվել քրեական պատասխանատվություն։

-2019 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով նախատեսվել են մի շարք փոփոխություններ։ Այսպես, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը պատժվում է տուգանքով՝ երկու հարյուր հազարից երեք հարյուր հազար դրամի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում` պատժվում է տուգանքով` երկու հարյուր հազարից երեք հարյուր հազար դրամի  չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը` պատժվում է տուգանքով՝ երեք հարյուրից հինգ հարյուր հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:           

-Ինչպիսի՞ «տուգանային միավորների» համակարգ է ներդրված արտասահմանյան երկրներում:                                              

-Երթևեկության ապահովման ոլորտում անվտանգության բարձր մակարդակ ունեցող երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ երկրներում հաջողությամբ ներդրվել և կիրառվում է տուգանային միավորների համակարգը: Վարչական պատասխանատվության հիշյալ միջոցը գործում է 21 եվրոպական երկրներում և դրական արդյունքներ է տվել Իտալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Մալթայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Իսրայելում, Ուկրաինայում և այլ երկրներում: Ֆրանսիան համարվում էր Եվրոպայի առաջատարը ՃՏՊ-ների և զոհերի թվով մինչև բալային համակարգի ներդրումը։ Ֆրանսիայում տուգանային միավորների համակարգի ներդրումից սկսած ՃՏՊ-ների հետևանքով մահացու դեպքերի թիվը նվազել է 66 տոկոսով: Տուգանային միավորների ինստիտուտը Ուկրաինայում գործում է 2015 թվականից: Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալներով 2015 թվականին գրանցված 3970 ՃՏՊ-ների թիվը 2016 թվականի 10 ամիսների ընթացքում նվազել է մինչև 2603-ը:

-Ի՞նչ կարգով են տուգանային միավորներ տրվում ՀՀ-ում գտնվող օտարերկրացուն։

-Այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացուն միավորները տրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու օրվանից /տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից/: Իսկ այն դեպքում, երբ օտարերկրացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում, վերջինիս կատարած իրավախախտման համար կիրառվող համապատասխան տուգանքները պրակտիկայում վճարվում են մաքսային ծառայությունում սահմանը հատելիս, իսկ տուգանային միավորներ վերջինիս նկատմամբ չեն կիրառվում։

Եվ վերջում, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը  օրենքով նախատեսված տուգանային միավորը, որպես վարչական տույժ, կիրառվում է միայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով: Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վարելու դեպքում քսանինը հազար դրամ տուգանքի նշանակում և 4 տուգանային միավորի կիրառումը՝ որպես պատասխանատվության միջոց կիրառվելու է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ինչպես նաև, տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշը այլ անձի հանձնելու դեպքում քսանհինգ հազար դրամ տուգանքի նշանակում և 3 տուգանային միավորների կիրառում և Օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության վերաբերյալ այլ դրույթները ուժի մեջ են մտնելու 2020 թվականի սեպտեմբերի 1-ից։