Արհեստական բանականությունը որպես հեղինակային իրավունքի սուբյեկտ

Ինչպես արդեն գիտենք, 21-րդ դարը հայտնի է որպես թվային տեխնոլոգիաների հեղափոխության և զարգացման դարաշրջան և մի շարք ոլորտներում վերջիններս ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեծ ազդեցություն են թողնում հասարակական հարաբերությունների զարգացման վրա, որն էլ իր հերթին մարտահրավեր է նետում օրենսդրությանը և՛ ներպետական, և՛ միջազգային մակարդակով։

Անդրադառնալով «արհեստական բանականություն  /արհեստական ինտելեկտ» հասկացություններին՝ պետք է նշել, որ դեռևս չի տրվել համընդհանուր բնութագիր, սակայն այն գրեթե միասնականորեն հասկանում են հետևյալ կերպ՝ արհեստական բանականությունը համարվում է մարդու կողմից ստեղծված ծրագրային բարդ համակարգ, որն օժտված է տեղեկատվական մեծ հոսքերի ընկալման, պահպանման կարողությամբ, ինքնուրույն որոշումներ կայացնելու, գործելու ունակությամբ, ինքնուրույն ալգորիթմներ ստեղծելու և կիրառելու հնարավորությամբ։ Արհեստական բանականությունը շնորհված է այնպիսի հատկանիշներով ինչպիսիք են ինքնակրթվելու ու փաստարկման հնարավորությունը, ինքնուղղումը և ստեղծագործականությունը, ինչպես նաև ցանկալի արդյունքի հասնելու համար ճշգրիտ ալգորիթմի և փաստերի ընտրության վրա կենտրոնանալու հատկությունը։   Պետք է ուշադրություն դարձնել հատկապես ստեղծագործականության հատկանիշին, քանի որ նախկինում արհեստական բանականությունը արդյունքը ստանում էր միայն տվյալների վերլուծության հիման վրա, սակայն վերջինս այնքան է զարգացել, որ ինքնուրույն ձեռք է բերել ստեղծագործելու հնարավորություն։

Արհեստական բանականության կողմից ստեղծված արդյունք ենք հասկանում այն ամենը, ինչը նման, իսկ որոշ դեպքերում անգամ գերազանցում են մարդու ստեղծած գրականության, արվեստի կամ գիտության բնագավառի ստեղծագործություններին։ Այս հարաբերություններում ակնհայտ է, որ արհեստական բանականություն կրողը ոչ թե պարզապես օբյեկտ է հանդիսանում կամ որևիցե միջոց, գործիք, այլ փաստացի հեղինակում ստեղծագործական աշխատանքները,  ինչը հեղինակային իրավունքի պաշտպանության օբյեկտ է։

Ներկայումս գիտական հասարակության կողմից ընդունելի է, որ միայն մարդն է ճանաչվում որպես բանականության կրող և որի շնորհիվ էլ ձեռք է բերում իրավունքներ և պարտականություններ։ Իրավունքի տեսանկյունից բանականությունը ընկալվում է որպես ինքնուրույն որոշումներ կայացնելու և դրանց հնարավոր բացասական հետևանքների համար պատասխանատվության ենթարկվելու չափորոշիչներով։ Ուստի միայն մարդը կարող է դառնալ իրավաբանական հարաբերության լիիրավ կրող, քանի որ իրավունքը ստեղծվում է մարդու համար և իրավունքի ոլորտում միակ «հեղինակ» որպես այդպիսին կարող է հանդիսանալ մարդը։ [1]

ՀՀ իրավական համակարգը ևս անմասն չէ վերը նշված մոտեցումից։ ՀՀ Վճռաբեկ դատարանը 2007թ․-ի թիվ 3-19 որոշմամբ հայտնել է հետևյալ դիրքորոշումը․ «ստեղծագործություն է համարվում ոչ թե ստեղծված նյութական արդյունքը (քանդակ, արձան, գեղանկար, երգի ձայնագրություն և այլն), այլ դրանում մարմնավորված ստեղծագործական միտքը», հետևաբար ՀՀ իրավական համակարգի համար ևս ընդունելի է այն եզրակացությունը, որ հեղինակային իրավունքի պաշտպանության համար պարտադիր տարր է հանդիսանում մարդու ստեղծագործական միտքը։

Անդրադառնալով իրավասուբյեկտությանը՝ նշենք, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ով ստեղծել է ստեղծագործությունը, այսինքն սույն պարագայում միայն ֆիզիկական անձն է, ով կարող է հանդիսանալ ստեղծագործության հեղինակ։ Կա արտահայտված ընկալում, համաձայն որի՝ այն ամենը ինչ մարդ չէ, իր է, և այս համատեքստից ակնհայտորեն բխում է, որ ռոբոտներն ու ծրագրերը ևս իրեր են և որևիցե կերպ չենք կարող ունենալ իրավասուբյեկտություն, ինչն էլ հանգեցնում է նրան, որ հեղինակային իրավունքի ոլորտում չի կարող հանդիսանալ լիիրավ սուբյեկտ։ [2]

Մտավոր սեփականության իրավունքի հարցերով միջազգային հեղինակավոր հարթակներում, ինչպիսիք են օրինակ մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, մտավոր սեփականության պաշտպանության միջազգային ասոցիացիան քննարկվում են արհեստական բանականության կողմից ձեռք բերված, դրա կողմից ստեղծված արդյունքների իրավական պաշտպանության, դրա նպատակահարմարությունը և թույլատրելիության հարցերը։

Արհեստական բանականությունը կրողին որպես իրավունքի սուբյեկտ ճանաչելուն կողմնակից են մի շարք գիտնականներ[3],  ավելին՝ որոշները ընդգծում են ոչ միայն դրա անհրաժեշտությունը, այլ՝ անխուսափելիությունը՝ պայմանավորված տեխնոլոգիական անընդհատ զարգացմամբ:

Ներկայումս իրավահարաբերության սուբյեկտներն են ֆիզիկական և իրավաբանական անձինք, սակայն Եվրամիությունում, Եվրախորհրդարանում և՛ միջազգային և՛ ներպետական մակարդակով քննարկվում է «էլեկտրոնային անձ» եզրույթի ներդրումը իրավական համակարգում և առհասարակ հասարակության կյանքում, դրա անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը։ [4]

2017 թվականի հունվարին Եվրախորհրդարանում քննարվել է «Էլեկտրոնային անձանց մասին» օրենքը, ինչով էլ ծրագրերը և ռոբոտները կկարողանան ձեռք բերել իրավական կարգավիճակ և կսկսեն պատասխանատվություն կրել իրենց գործողությունների համար։

Ինչը վերաբերում է արհեստական բանականության կրողին և նրա կողմից ստեղծվող արդյունքի և հնարավոր իրավախախտումներին՝ գործ ունենք երկու «սուբյեկտների»  հետ․

Նախ «Մարդ- Իրավատեր», որի դեպքում դիտարկում ենք երեք անձի՝ արհեստական բանականության ծրագրավորողը, սեփականատերը կամ ներդրողը և դրա վերջնական օգտագործողը և «արհեստական բանականության կրող», որի մոտ բացակայում է սուբյեկտի կարգավիճակը։

Տարածված մոտեցման համաձայն արհեստական բանականության ծրագրավորողն արհեստական բանականության համակարգչային ծրագրի փաստացի հեղինակն է, սակայն քանի որ արհեստական բանականությունն էլ իր հերթին կարող է ստեղծել որևէ արդյունք, որը եթե ստեղծվեր մարդու կողմից, ենթակա կլիներ հեղինակային իրավունքով պաշտպանության,  ուստի ստացվում է, որ ծրագրավորողը վերը նշված արդյունքի  փաստացի հեղինակ չէ, հետևաբար չի կարող կրել դրա հետ կապված որևէ իրավունքներ և պարտականություններ կամ որևէ պատասխանատվություն։

Սակայն կա նաև մոտեցում, որի համաձայն իրավաբանական ֆիկցիայի միջոցով տեղի է ունենում իրավունքի փոխանցումը հենց տվյալ համակարգի օգտագործողին, քանի որ ընդունվում է, որ մարդկային ստեղծագործական միջամտությունն այստեղ որևիցե կերպ առկա չէ։ [5]

Այժմ միջազգային մակարդակով քննարկվում են արհեստական բանականության արդյունքներին պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ հետևյալ հիմնական տեսակետները.

  • Հեղինակային իրավունքի ինստիտուտով,
  • Հարակից իրավունքի ինստիտուտով,

Ինչպես գիտենք, յուրօրինակությունը գիտության, գրականության, արվեստի բնագավառում որոշակի օբյեկտների հեղինակային իրավունքի պաշտպանության տրամադրման պարտադիր պայման է, որն էլ կապվում է հեղինակության հետ, իսկ հեղինակ կարող է լինել մարդը։ Հետևաբար, միայն օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարող են նախատեսել, որ ստեղծագործությունները կարող են ստեղծվել նաև ոչ մարդու կողմից և միայն այս դեպքում արհեստական բանականության կողմից ստեղծվող արդյունքները կպաշտպանվեն հեղինակային իրավունքով։

Սակայն հարակից իրավունքների ինստիտուտով չի պարտադրվում ունենալ մարդկային ստեղծագործական միջամտություն, ինչպես նաև ի տարբերություն հեղինակային իրավունքի՝ այն ավելի հեշտ փոխանցելի է։

Դեռևս 1970-ականներից ի վեր համակարգչային ծրագրերի կողմից ստեղծվել են և շարունակում են ստեղծվել բազմաթիվ արվեստի նմուշներ՝ երաժշտության, լրագրության, գեղարվեստական գրականության ոլորտներում, ուստի այս ստեղծագործությունները իրենց հետքն են թողնում նաև հեղինակային իրավունքի օրենսդրության վրա։

Պետությունների մեծ մասի օրենսդրությամբ, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան, նշվում են, որ հեղինակային իրավունքով կարող են պաշտպանվել միայն մարդու կողմից ստեղծված ստեղծագործությունները։ Իսկ արհեստական  բանականության կողմից մշակվող ստեղծագործությունների դեպքում ծրագրերը հանդես են գալիս որպես գործիքներ, ինչպիսիք են օրինակ վրձինը կամ գրիչը։ Մինչդեռ տեխնոլոգիաների զարգացման արդյունքում արհեստական բանականությունը այլևս չենք կարող դիտարկել սովորական գործիք, քանի որ այն առանց մարդու միջամտության ինքնուրույն և էական որոշումներ է կայացնում անգամ ստեղծագործական ոլորտում։

Կան պետություններ, որոնք նախատեսում են հեղինակության փոխանցումը ծրագրավորողին, օրինակ Հոնկոնգը, Հնդկաստանը, Իռլանդիան, Նոր Զելանդիան և Միացյալ Թագավորությունը։ Մասնավորապես «Հեղինակային իրավունքի մասին» Մեծ Բրիտանիայի օրենքով սահմանվում է, որ համակարգչի միջոցով ստեղծված գրական, դրամատիկական, երաժշտական կամ գեղարվեստական ստեղծագործության դեպքում հեղինակը համարվում է այն անձը, ով ձեռնարկել է ստեղծագործության ստեղծման համար անհրաժեշտ միջոցները»:

Նախադեպային իրավունքի տեսանկյունից դիտարկելիս, ակնահայտ է, որ բացակայում են համապատասխան գործնական կարգավորումները, սակայն արդեն իսկ կան որոշ հանրահայտ օրինակներ։

Օրինակ՝ արհեստական բանականության կողմից ավարտին է հասցվել Բեթհովենի 10-րդ սիմֆոնիան։ Բեթհովենի նամակներում և պատմություններից հայտնի է, որ Բեթհովենն իր կյանքի վերջին տարիներին աշխատել է 10-րդ սիմֆոնիայի վրա, որը ցավոք այդպես էլ անավարտ է մնացել, և այդ աշխատանքից մնացել են միայն որոշակի էսքիզներ։ Որոշ մասնագետներ պնդում էին, որ եթե ծրագրին հանձնեն էսքիզները և որոշակի աշխատանքներ, այն կարող է պարզել, թե ինչպես է Բեթհովենը աշխատել էսքիզների հետ, վերարտադրել Բեթհովենի ստեղծագործական միտքն ու մեթոդաբանությունը, նրան բնորոշ ոճը և ավարտել այն։  Եվ այդպես էլ եղավ, 2021 թվականին Բեթհովենի 10-րդ սիմֆոնիայի համաշխարհային նախագիծը կյանքի կոչվեց՝ որպես արհեստական բանականության ստեղծագործություն։ Գերմանիայում և Եվրամիությունում հեղինակային գույքային իրավունքի ժամկետը լրանում է հեղինակի մահից 70 տարի անց, Բեթհովենը, սակայն, մահացել է գրեթե 200 տարի առաջ։ Ուստի սույն պարագայում հեղինակի ու վերջինիս ժառանգների գույքային իրավունքի պաշտպանության վերաբերյալ որևիցե խնդրահարույց իրավիճակ չկար և այդ իսկ պատճառով դա իրավական դաշտում քննարկման առարկա չհանդիսացավ։ Սակայն հակառակ պարագայում կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրների Բեթհովենի հեղինակային իրավունքների պաշտպանության մասով։

Արհեստական բանականության ստեղծման համար գյուտերի պաշտպանությունն ևս շատ արդիական հարց է։ ԱՄՆ արտոնագրային գերատեսչությունն արդեն ընդունում  է, որ արհեստական բանականությունը պետք է «արտոնագրունակ» լինի որպես այդպիսին ։

Եթե արհեստական բանականության միջոցով ստեղծված աշխատանքները հանվեն հեղինակային իրավունքի պաշտպանությունից,  հեղինակային իրավունքի համակարգը կդիտվի որպես խրախուսման գործիք և մարդկային ստեղծագործության արժանապատվության բարձրացում՝ համեմատած մեքենայական ստեղծագործության հետ: Իսկ եթե հեղինակային իրավունքի պաշտպանությունը ուղղված է արհեստական բանականության կողմից ստեղծված ստեղծագործություններին, հեղինակային իրավունքի համակարգը, որպես կանոն, կդիտվի որպես գործիք, որը նպաստում է սպառողի համար առավելագույն թվով ստեղծագործական աշխատանքների մատչելիությանը և տալիս է հավասար արժեք մարդու և մեքենայի ստեղծագործությանը:[6]

Անդրադառնալով հաջորդ օրինակին՝ ChatGPT-ը  պարզաբանում է պատասխանները ՝ հիմնվելով իր տվյալների բազայում հավաքած տեղեկատվության վրա և հետևաբար, ստեղծում է նոր պատասխան, նույնիսկ եթե այն հիմնված է առկա տեղեկատվության վրա: Այս պատասխանը կարող է հեղինակային իրավունքով պաշտպանված լինել, բայց դա կախված է նրանից, թե արդյոք այն կարող է ընդհանրապես դիտվել որպես «ստեղծագործություն» ՝ մի բան, որն արտահայտում է իր հեղինակի ստեղծագործական ընտրությունը:

Այս հարցի վերաբերյալ կարևոր է իմանալ, որ արհեստական բանականության միջոցով ստեղծված ստեղծագործությունների նկատմամբ գույքային իրավունքների և հեղինակության հարցը դեռ ամբողջությամբ կարգավորված չէ օրենքով, և թե ինչպես կարող է այս թեման զարգանալ առաջիկա տարիներին՝ կախված է օրենսդրական փոփոխություններից և նախադեպային պրակտիկայից: Արվեստագետները և ստեղծագործողները, ովքեր օգտագործում են արհեստական բանականություն ՝ իրենց ստեղծագործական գործընթացին աջակցելու համար, կարող են պահանջել ստեղծագործության նկատմամբ բոլոր տեսակի իրավունքներ՝ հեղինակության ու գույքային, քանի դեռ այն արտացոլում է իրենց ստեղծագործականությունը: Մյուս կողմից դժվար է տարբերակել ու որոշել այն սահմանը, որտեղ ավարտվում է ստեղծագործողի ստեղծագործական միտքն ու սկսվում արհեստական բանականության միջամտությունը։ Եթե օրինակ ChatGPT –ին տրվի ընդհանուր հրաման, թե «ինչպե՞ս գրել երգ սիրո մասին», այն կստեղծի սիրո թեմատիկայով երգի բառերը՝ առանց օգտագործողի կողմից իրական ստեղծագործական ընտրության։ Նման դեպքերում հեղինակային իրավունքի կամ «ստեղծագործության» առկայությունը հեղինակային իրավունքի մասին օրենքի իմաստով խիստ կասկածելի է դառնում:

Ամփոփելով՝ այս խնդիրը ներկայումս արդիական է և առավել հավանական լուծումը արհեստական բանականություն կրողին իրավասուբյեկտությամբ օժտելն է։ Սակայն, իհարկե դա իրենից պահանջում է մի շարք գործողություններ՝ ստեղծել տեսական և գործնական հիմք, կատարել իրավունքի սուբյեկտի վերափոխում, «էլեկտրոնային անձի» ներդրում, բոլոր ասպեկտներով բազմակողնանի ուսումնասիրված օրենսդրական փոփոխությունների քննարկում և ընդունումը։

Արհեստական բանականության վերջնական կարգավիճակը կախված է լինելու վերջինիս ինքնուրույնության չափից, աստիճանից և հենց արհեստական բանականության հասկացության ճիշտ սահմանումից։ Բացի այդ, պետք է ըստ բնագավառների, հաշվի առնել նաև արհեստական բանականության օգտագործման յուրահատկությունները տարբեր ոլորտներում և հնարավոր ռիսկերը։

Այսպիսով, կարծում ենք միջազգային և ներպետական մակարդակով առաջացել է անհրաժեշտություն սահմանելու այնպիսի չափանիշներ, որոնք ընդունելի կլինեն բոլոր պետությունների կողմից, իսկ դրա համար հիմք պետք է հանդիսանա համամարդկային արժեքները և հանրային ու մասնավոր շահերը հավասարակշռելու ձգտումը։

Հեղինակ՝ «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի կրտսեր իրավաբան Ալվինա Վարդանյան


[1] Տե՛ս Габов А.В. Правосубъектность: традиционная категория права в современную эпоху // Вестник Саратовской государственной юридической академии, 2018, No 2 (121), էջ 105-122:

[2] Տե՛ս Трансформация субъекта права в связи с развитием искусственного интеллекта – Никитенко С.В. 2020 – էջ 2

[3] Տե՛ս Eidenmueller H. The Rise of Robots and the Law of Humans // Oxford Legal Studies Research Paper, 2017, հղում՝ https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=2941001 կամ http://dx.doi.org/10.2139/ssrn.2941001 ։

[4] Տե՛ս “Они” уже на подходе. В Европе могут появиться “электронные лица”: Հղում՝ https://radiosputnik.ria.ru/20160626/1451097825.html (07.03.2021թ. դրությամբ):

[5]  Տե՛ս Stephen Hewitt, Protection of WorksCreated by the Use of Computers,NEW L.J., (133) ,1983, էջ 236:

[6] Տես՝ https://www.wipo.int/edocs/mdocs/mdocs/en/wipo_ip_ai_2_ge_20/wipo_ip_ai_2_ge_20_1_rev.pdf