Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ

parliament-AJՍեպտեմբերի 26-ին շրջանառության մեջ է դրվել ««Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետև պահեստազորում ընդգրկված և հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:

Օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի կողմից: այդ մասին պատգամավոր Մարուքյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: 

Օրենքն ընդունվելու դեպքում ՀՀ զինված ուժերում ծառայած ու ծառայությունը սահմանված կարգով ավարտած քաղաքացիները, ովքեր ծառայությունից առաջ կամ դրանից հետո ստացել են բարձրագույն կրթություն, կունենան 2 տարվա պետական կառավարման ոլորտի ստաժ, ինչը հնարավորություն է տալիս դասային աստիճանով ավելի բարձր պաշտոնի հավակնել (օրինակ, կրտսեր պաշտոնի (առաջին կարգի մասնագետ) հավակնելու համար հիմնականում անհրաժեշտ չէ ստաժ, անգամ հաճախ բարձրագույն կրթություն: Տվյալ պարագայում զորացրված քաղաքացին, ունենալով 2 տարվա պետական կառավարման ոլորտի ստաժ և բարձրագույն կրթություն, կարող է հավակնել առաջատար պաշտոնների, ինչը բնականաբար անդրադառնում է նաև աշխատավարձի վրա):

Միաժամանակ առաջարկվել է հետադարձ ուժ տալ օրենքին, ինչը նշանակում է, որ տվյալ դրույթը տարածվելու է ոչ միայն դրա ընդունումից հետո, այլ նաև ընդունումից առաջ զինված ուժերում ծառայած ու վերոնշյալ չափանիշները բավարարող անձանց վրա:

Մեկնաբանություններ