ՀՀԿ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, իր մտահոգությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով: Հայտրարությունում ասվում է՝
«Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է:
Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը եւ հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը եւ առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը։
Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին եւ արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որեւէ ընդհանրություն չունեցող շինծու եւ արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»։