ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության բարձրագույն դատարանի կազմում գործող դատարանների գործունեության ապահովման դեպարտամենտի ղեկավար Նուրսերիկ Շարիպովին:Ողջունելով Սուրեն Քրմոյանի այցը՝ Ն. Շարիպովը հակիրճ տեղեկացրել է դատական համակարգի արդիականացման, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքների մասին:
Ընդգծելով դատական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցում ղազախ գործընկերների ձեռքբերումները՝ փոխնախարար Քրմոյանը հետաքրքրվել է նաև դատարաններում գործող էլեկտրոնային գործավարության համակարգից:
Ն. Շարիպովի ուղեկցությամբ Սուրեն Քրմոյանը շրջայց է կատարել Բարձրագույն դատական մարմնում, եղել է պլենար և դատական նիստերի դահլիճներում ու ծանոթացել նիստերի ձայնա-տեսագրման և տեսակոնֆերանսի համակարգերին:
Հատուկ ընդգծվել է, որ Ղազախստանի էլ. արդարադատության ալգորիթմը ընդգրկում է դատական գործընթացի բոլոր փուլերը՝ սկսած փաստաթղթերը դատարանի գրասենյակ մուտքագրելուց, վերջացրած դատական վերջնական ակտը քաղաքացուն առաքելու գործընթացով:
Փոխնախարար Քրմոյանը ծանոթացել է նաև Դատական գրասենյակ ծառայության հնարավորություններին և դրա հասանելիությանը պետական համակարգի այլ տեղեկատվական շտեմարաններին: Փոխնախարար Քրմոյանը բարձր է գնահատել Ղազախստանի էլեկտրոնային արդարադատության համակարգի զարգացման մակարդակը:
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու դատաիրավական ոլորտի հետագա համագործակցությունը: