‹‹Այս ամբողջ քրեական գործը բաղկացած է կեղծիքներից, այն սարքած է, այն էլ` շատ փնթի: Սա պաշտոնեական հանցագործություն է, որը կատարվել է Արաբկիրի քննչական բաժնում, որին մասնակցել են քննիչը, փաստաբան Հրանտ Անանյանը, և այլ մարդիկ››,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:
Նշենք, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ` ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքը և դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլար գումար:
Իրավապաշտպանի խոսքերով` քրեական գործի հիմքում առկա փաստաթղթերը բոլորը կրկնօրինակներ են և չկա ոչ մի բնօրինակ փաստաթուղթ, իսկ դատախազները դրանց հիման վրա գործ են հարուցել: Բացի այդ, գործում առկա են 2 խումբ փաստաթղթեր՝ տարբեր ստորագրություններով:
‹‹Այս ամբողջ նախաքննությունը, որն այսպես արել են, դատախազ Էդգար Պետրոսյանը չի՞ տեսել: Բա էդ ո՞նց եղավ, տեսողական խնդի՞րներ ունեն: Ո՞նց կարող է վերահսկող դատախազն այս ամենը տեսած չլինել: Թող բոլորը հիշեն՝ ես բացի նրանից, որ ամբաստանյալ եմ, ես իրավապաշտպան եմ: Այսօր ես ինձ չեմ պաշտպանում, այսօր ես ուզում եմ ցույց տալ դատախազության և քննչական կոմիտեի սնանկությունը››,- նշեց Մարինա Պողոսյանը:
Տիկին Պողոսյանի խոսքերով՝ այս ենթադրյալ հանցագործությունը՝ բնակարան վաճառելու վերաբերյալ, կատարվել է 2014 թվականի մայիսին, սակայն նախաքննության մարմնի որոշմամբ վերծանվել են 2015 թվականին տեղի ունեցած իր հեռախոսային խոսակցությունների համարները:
Մարինա Պողոսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ հայտնեց, որ քրեական գործը հարուցվել է առանց որևէ օրինական հիմքի, իսկ քրեական գործի հիմք հանդիսացող՝ հաղորդում հանցագործության մասին փաստաթուղթը կրկնօրինակ է: Փաստաբանը նաև ներկայացրեց լիազորագիր, որը տուժող Արփի Մերասը հանձնել էր իրավապաշտպան Մարինա Պողոսյանին: Համաձայն այդ լիազորագրի Մարինա Պողոսյանը կարող էր ցանկացած պայմանով և գնով վաճառել, փոխանակել, գրավ դնել այդ բնակարանը:
‹‹Այսինքն՝ օրենքով սահմանված կարգով նրան տրված է իրավունք՝ վաճառելու, չկա որևէ փաստական հանգամանք, որը կարող է վկայել այն մասին, որ Մարինա Պողոսյանն իրավունք չուներ վաճառելու տվյալ բնակարանը ››,- իր խոսքում նշեց փաստաբանը:
Փաստաբան Նինա Կարապետյանցն էլ այս երևույթը համարեց վտանգավոր՝ նշելով, որ այն բերելու է ավելի ծանր հետևանքների և նոր հետապնդումների, եթե դրա դեմ բոլորով չպայքարեն:
‹‹Քրեական գործում էական նշանակություն ունեցող փաստաթղթերի տակ դրված Արփի Մերասի ստորագրություններն ակնհայտ տարբեր են››,- այս մասին էլ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Վերջինս լրագրողներին ցույց տվեց այդ փաստաթղթերը և դրանց տակ դրված ստորագրությունները, որոնք իսկապես տարբերվում էին:
Իրավապաշտպանի խոսքերով՝ այս գործն ի սկզբանե չպետք է ընդունվեր դատարան:
‹‹Ենթադրենք, որ Մարինա Պողոսյանը վաճառել է բնակարանը, ո՞ւր են այդ գումարները: Այդ ուղղությամբ քննություն չի կատարվել, որովհետև իրենք գիտեն, որ դա այդպես չէ››,- ասաց Արթուր Սաքունցը:
Նշենք, որ սփուռքահայ Արփի Մերասի և «Վելես» կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ գործով դատական նիստը կայանալու է ապրիլի 16-ին, ժամը 09:30-ին:
Կարդացեք նաև՝ «Ես կեղծ փաստաթղթերի հիման վրա չեմ պատրաստվում կրել քրեական պատասխանատվություն». Մարինա Պողոսյանը դիմեց դատարանին