ԱՄՆ-ն արգելափակել է ԱՀԿ-ում մաքսատուրքերի հարցերով արբիտրաժի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը 

Վաշինգտոնը արգելափակել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի հարցերով արբիտրաժային խմբի ստեղծման մասին առաջարկը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը: Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանը, Նորվեգիան և Եվրամիությունը հայց են ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ մաքսատուրքերի դրույքաչափերը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ կայացված որոշումը բողոքարկելու համար արբիտրների խումբ հրավիրելու պահանջով։

Այժմ Մոսկվան մտադիր է այս տարվա նոյեմբերին մաքսատուրքերի հարցերով ԱՀԿ-ում արբիտրների խմբի ստեղծման համար երկրորդ հայտը ներկայացնել: Սակայն այս անգամ ԱՄՆ-ն չի կարող արգելափակել այն:

Ավելի վաղ, Ռուսաստանը և մյուս երկրները մաքսատուրքերի սահմանման մասին խորհրդակցություններ են իրականացրել ԱՄՆ-ի հետ: Վաշինգտոնը նույնպես դիմել է ԱՀԿ-ին՝ ամերիկյան արտադրանքի մի շարք ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը բարձրացնելու Ռուսաստանի որոշման վերաբերյալ խորհրդակցություններ իրականացնելու պահանջով: Նշենք՝ ԱՀԿ-ում խորհրդատվության պահանջով հարցումը հայց ներկայացնելու ընթացակարգի առաջին քայլն է:

Հիշեցնենք, որ 2018 թվականին ԱՄՆ-ն այլ երկրներից պողպատի և ալյումինի ներկրման համար սահմանված մաքսատուրքերը համապատասխանաբար 25% -ով և 10% -ով բարձրացնելու մասին որոշում է կայացրել։ ԵՄ-ն, Ռուսաստանը, Չինաստանը և Կանադան դիմել են պատասխան գործողությունների: Օգոստոսի 5-ին Ռուսաստանը մի շարք ամերիկյան արտադրանքի ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի նոր դրույքաչափեր է սահմանել: Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ից մի շարք սարքավորումների, մետաղների մշակման և հորատման գործիքների, փոխադրման համար տրանսպորտային միջոցների ներմուծմանը։