ԱՄՀ-ն Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի երկրների կառավարություններին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ կորոնավիրուսի պանդեմիան սպառնում է կրճատել նավթային եկամուտներն ու նվազեցնել տնտեսական աճը։

ԱՄՀ-ն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներն արդեն ֆինանսական աջակցության դիմել են իրեն:

«Այս տարի տարածաշրջանում աճի զգալի անկում կլինի»,- ասվում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՀ տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի զեկույցում:

Կորոնավիրուսի պանդեմիան նավթի գների 50 տոկոսանոց անկում է առաջացրել: «Պանդեմիան տարածաշրջանում լրջագույն խնդիր է դարձել»,- ասել է Ազուրը: 

Moody’s Investors Service-ը հաշվարկել է, որ նավթ արտահանող երկրների համար նավթի եկամուտն այս տարի կրճատվել է ՀՆԱ 4-10%-ով:

Քուվեյթը և Իրաքը բախվել են ՀՆԱ ավելի քան 10%-ով նավթի եկամտի կրճատման հետ, այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայում, Օմանում, Կատարում և Բահրեյնում անկումը կազմել է 4-8%:

«Պանդեմիան տարածաշրջանում զգալի տնտեսական ցնցումներ է առաջացրել՝ ներքին և արտաքին պահանջարկի անկում, առևտրի կրճատում, արտադրության կրճատում, սպառողների վստահության նվազեցում և ֆինանսական պայմանների խստացում»,- ասել է Ազուրը: