ԱՄԴ-ն սկսել է Պակիստանի դեմ Հնդկաստանի ներկայացրած հայցի քննությունը.Պակիստանը խախտել է Վիեննայի կոնվենցիան

Ընթացիկ տարվա փետրվարի 19-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է Պակիստանի դեմ Հնդկաստանի ներկայացրած հայցի քննությունը։ Հայցը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացի Կուլբհուշան Ջադհավին լրտեսության մեղադրանքով մահապատժի ենթարկելու մասին Պակիստանի իշխանությունների կայացրած որոշմանը։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի գործով լսումները տեղի են ունեցել 2019 թվականի փետրվարի 19-ից մինչև 21-ը։

Ավելի վաղ, Պակիստանը մեղադրել է Ջադհավին՝ Հնդկաստանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատարին, Պակիստանում լրտեսություն և ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ։ Հնդկաստանն ամբողջովին հերքել է Պակիստանի հնչեցրած բոլոր մեղադրանքները։ Հնդկաստանի իշխանությունների խոսքերով՝ Ջադհավը Հնդկաստանի ռազմածովային ուժերում աշխատանքից ազատվելուց հետո մեկնել է Իրան՝ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար։ Այնուհետև, Ջադհավն առևանգվել է Իրանից։ Պակիստանն իր հերթին հայտարարել է, որ Ջադհավը ձերբակալվել է Պակիստանի սահմանին։ Հնդկաստանում համոզված են, որ Ջադհավը երբեք լրտեսության գործունեություն չի ծավալել։ Հնդկաստանը նաև հավելել է, որ Պակիստանը տեղեկացրել է Հնդկաստանին Ջադհավի ձերբակալման մասին դեպքից մի քանի շաբաթ անց: Հիմք ընդունելով 1963 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան՝ Հնդկաստանը դիմել է Պակիստանի իշխանություններին՝ Ջադհավի հետ հանդիպման և նրան Հնդկաստան վերադարձնելու պահանջով։ Այնուամենայնիվ, Պակիստանի իշխանությունները մերժել են Հնդկաստանի պահանջը և Ջադհավի գործով հետաքննություն են նախաձեռնել։ Այնուհետև, Պակիստանի Գերագույն դատարանի Զինվորական գործերի դատական կոլեգիան դատապարտել է Ջադհավին մահապատժի՝ լրտեսական գործունեություն ծավալելու համար։

Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի գործով այս տարվա փետրվարին կայացած դատական լսումների ժամանակ Հնդկաստանի ներկայացուցիչները մեղադրել են Պակիստանին 1963 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դիտավորյալ խախտման մեջ: Հնդկաստանի կառավարությունը ներկայացնող փաստաբան Հարիշ Սալվեն բողոքել է, որ Պակիստանը, չի ապահովել հյուպատոսական պաշտոնատար անձի ազատ այցելությունը հավատարմագրող պետության քաղաքացուն: Նա նաև նշել է, որ Պակիստանի ղեկավարությունը չի թույլատրել հնդկական հյուպատոսական գործակալներին և իրավապահ մարմիններին մանրամասն ծանոթանալ Ջադհավի գործի նյութերին, ինչի արդյունքում Հնդկաստանը չի կարողացել հավուր պատշաճի պաշտպանել իր քաղաքացու շահերը: Մասնավորապես՝ Հնդկաստանի ներկայացուցիչը Ջադհավին մահապատժի ենթարկելու մասին որոշումը «ֆարս» է անվանել։ Այսպիսով, Հնդկաստանը պահանջել է Միջազգային դատարանից անմիջապես դադարեցնել Ջադհավին մահապատժի դատապարտելու վճռի կատարումը, մեղավոր ճանաչել Պակիստանին միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ և չեղյալ հայտարարել Հնդկաստանի քաղաքացուն մահապատժի ենթարկելու վերաբերյալ Պակիստանի Գերագույն դատարանի Զինվորական գործերի դատական կոլեգիայի կայացրած որոշումը։ Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի գործով դատական լսումների ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հնդկաստանի կառավարությունը ներկայացնող փաստաբանը հույս է հայտնել, որ «ի վերջո, արդարությունը կհաղթի»: