Ամանորյա տոներին զգույշ եղեք ճանապարհատրանսպորտային պատահարներից․ ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել զգույշ լինել ճանապարհային երթևեկության ժամանակ և որոշ օգտակար խորհուրդներ է տվել․

Օգտագործել անվտանգության ամրագոտիները

Եթե դուք վթարի ենթարկվեք, ապա անվտանգության գոտին կարող է փրկել ձեր կյանքը։ Նրանց համար, ովքեր կրում են անվտանգության ամրագոտի, մահվան հավանականությունը կրճատվում է 60 տոկոսով: Ավելին, ԱՀԿ-ն կոչ է անում ամրագոտի կրել ոչ միայն վարորդներին, այլ նաև բոլոր ուղևորներին, նույնիսկ կարճատև ուղևորությունների ժամանակ: Պետք է նաև ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը։ Մինչև 10 տարեկան երեխաները պետք է երթևեկեն ավտոմեքենայով միայն հատուկ աթոռներով:

Զգույշ լինել ալկոհոլի հետ

Ալկոհոլը խոշոր ռիսկի գործոն է ճանապարհատրանսպորտային երթևեկության համար: Արյան մեջ ալկոհոլի անգամ փոքր քանակը վտանգավոր է վարորդների, հեծանվորդների և հետիոտների համար: Այնպես որ, պետք է խուսափել մեքենայի ղեկին նստելուց առաջ ալկոհոլային խմիչք օգտագործելուց և խստորեն հետևել սահմանված նորմերին: Ալկոհոլային խմիչքը վարորդների առաջին թշնամին է։

Հեծանվորդներին ու մոտոցիկլիստներին խորհուրդ է տրվում միշտ սաղավարտ կրել

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հեծանվորդներն ու մոտոցիկլիստները կազմում են ճանապարհատրանսպորտային պատահարներում զոհվածների կամ տուժածների ամենաբարձր տոկոսը։ Նրանց մահվան հիմնական պատճառը գլխի վնասվածքներն են: Սաղավարտը նվազեցնում է մահվան ռիսկը 40 տոկոսով: Շատ կարևոր է ճիշտ սաղավարտ ընտրել և ամրացնել այն երթևեկության ամբողջ ընթացքում:

Արագ չվարել մեքենան

Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ մահվան դեպքերից ամեն երրորդը տեղի է ունենում ավտոմեքենան արագ վարելու պատճառով։ Որքան բարձր է արագությունը, այնքան մեծ է վտանգը: Ուստի, մի՛ շտապեք, հետևե՛ք երթևեկության կանոններին և մի՛ գերազանցեք սահմանված արագությունը։

Մոռանալ բջջային հեռախոսների մասին

Վարորդի ուշադրությունը կարող է շեղվել տարբեր իրավիճակներում, սակայն այսօր մեծ թվով վթարներ են տեղի ունենում բջջային հեռախոսների պատճառով: Բջջային հեռախոսի օգտագործումը մեքենա վարելու ժամանակ չորս անգամ մեծացնում է վթարի հավանականությունը։ Նույնիսկ եթե վարորդը խոսում է բարձրախոսով կամ օգտվում է ականջակալներից, հեռախոսային խոսակցությունը կշեղի նրան ճանապարհից: Բջջային հեռախոսով հաղորդագրություն ուղարկելն առավել վտանգավոր է։ Այս դեպքում վթարի ռիսկը 20 անգամ ավելանում է:

Հիշե՛ք վերոգրյալի մասին և առավել զգոն և ուշադիր եղեք տոն օրերին։

Մաղթում ենք բոլորին ուրախ և ապահով տոներ: