Հետազոտվեցին գործով ապացույցներ համարվող տեսախցիկի ձայնագրությունները, մուտքային ու ելքային զանգերի ցանկը. Իշխան Բարսեղյանի դատական գործ

Այսօր Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը: 

Նշենք, որ դատարանը մտավ ապացույցների հետազոտության փուլ:

Դատական նիստի ընթացքում ուսումնասիրվեցին դեպքի օրը Շենգավիթի  դատարանի շենքի 8 տեսախցիկների պատկերները:

Տեսանյութում պատկերված անձը մոտք ու ելք է գործել դատարան: Տեսախցիկները ֆիքսել էին սև տաբատով և սև վերնաշապիկով  դատարանի շենք մուտք գործող և 2-րդ հարկ բարձրացող կնոջը, ով մուտք է գործել դատավոր Իշխան Բարսեղյանի աշխատասենյակ:  

Մեղադրող Բիշարյանը պարզաբանեց, որ տեսախցիկները ֆիքսել են դատավոր Իշխան Բարսեղյանի աշխատասենյակից դուրս եկող   մոխրագույն տաբատով, սպիտակ կոշիկներով և դեղնավուն մայկայով աղջիկ. «Այդ պահին տեսանելի է, որ աղջկա ձեռքին կան ինչ-որ թղթապանակներ: Դրանից հետո՝ մենք տեսնում ենք, որ  վերադառնում է նույն աղջիկը և մտնում աշխատասենյակ, վերադառնալիս տեսախցիկները ֆիքսել են, և մենք էլ տեսնում ենք, որ նրա ձեռքին թղթապանակներ չկան»,-ասաց նա:

Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը առարկեց՝ ասելով, որ դատավորի և աշխատակիցների սենյակներ մուտք է գործվում մեկ դռնից՝ տեսանյութում պատկերված դռնից, ուստի հստակ չէ, որ այդ թղթապանակով աղջիկը մտել և դուրս է եկել Բարսեղյանի աշխատասենյակից կամ հետո վերադարձել:

«Հստակ չէ, որ վերոնշյալ աղջիկը դատավորի մոտ է մտնում, այդտեղ աշխատում է դատավորի աշխատակազմը և հնարավոր է, որ այդ աղջիկը աշխատակիցներից մեկի մոտ է եկել»,-ասաց նա:

Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանն էլ անդրադարձավ վերոնշյալ թղթապանակով աղջկան՝ ասելով, որ եթե դատավորն աշխատասենյակում չէ, ապա դատավորի սենյակ ոչ ոք չի կարող մտնել:

Մյուս պաշտպան Արա Ղազարյանն էլ անդրադարձավ տեսանյութերին՝ ասելով, որ դրանց հրապարակումը խախտում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը.

«Գտնում եմ, որ պետք է անձի համաձայնությունը: Սա հանրային ռեժիմով ձեռք բերված ապացույցներ են: Այս տեսանյութի հրապարակումը իրականում ոտնահարում է անձնական կյանքի իրավունքը: Պետք էր ամբաստանյալի համաձայնությունը նույնականացում կատարելու համար, սակայն իմ պաշտպանյալը այդպիսի համաձայնություն չի տվել»,-հայտարարեց նա:

Դատախազն էլ արձագանքեց վերոնշյալ հայտարարությանը՝ ասելով, որ ոչ մի հիմք չկա այսպիսի հայտարարություն անելու համար, քանի որ անձնական ոչ մի տվյալ չի հրապարակվել. «Նույնացվում է միայն Էլզա Զաքարյանի անձը, իսկ նա նախաքննության ընթացքում արդեն տվել է իր թույլտվությունը նույնականացում կատարելու համար»:

Դատավոր Վաչե Մարգարյանը փոքրիկ ընդմիջում հայտարարեց, որից հետո դատարանին ներկայացվեցին գործով ապացույց համարվող, 2016 թվականի հոկտեմբերի 1-29-ն ընկած ժամանակահատվածում մուտքային և ելքային հեռախոսազանգերի ցանկը՝ հեռախոսային օպերատորի կողմից տրամադրված:

Հավելենք, որ գործերի մեջ գրված էր հոկտեմբերի 1-29-ն ընկած ժամանակահատվածի հեռախոսազանգերի ցուցակը, սակայն դատարանում ներկայացվեց միայն  երկու օրերի՝ հոկտեմբերի 26-ի և 27-ի ելքային և մուտքային զանգերի ցանկը: Վարդուհի Էլբակյանը խնդրեց դատարանի ուշադրությունը այս հարցի շուրջ հրավիրել, ինչին ի պատասխան մեղադրող հայտարարեց, որ քննիչն է այդ օրերի զանգերն է կարևորել, քանի որ միայն այդ 2 օրերի ելքային և մուտքային զանգերն են գործին առնչվում:

Նշենք, որ նախորդ նիստերը չէր կայացել ամբաստանյալի վատառողջ լինելու պատճառով: Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի խոսքերով՝  Իշխան Բարսեղյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և այսօր էլ դատարան է եկել դեղեր ստանալուց հետո:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

 

Մեկնաբանություններ

Պիտակներ, ,

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: