Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` մոտ 30 րոպե ուշացումով, շարունակվեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:
Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը ի պատասխան դատավորի հարցին, թե՞ ինչո՞ւ նախորդ 2 նիստերին չի ներկայացել, հայտնեց, որ առաջին անգամ ունեցել է առողջական խնդիրներ, իսկ 2-րդ անգամ ունեցել է անձնական խնդիրներ, ինչի պատճառով չի կարողացել ներկայանալ նիստին: Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց դատական սանկցիա` նախազգուշացում, կիրառել պաշտպանի նկատմամբ` բացակայության համար: Փաստաբան Արա Զաքարյանը դատարանին նաև հայտնեց, որ այսուհետ ինքն է իրականացնելու ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպանությունը: Դատավորը որոշեց Զաքարյանին ներգրավել գործում, որպես Վաչե Սահակյանի պաշտպան: Հիշեցնենք, որ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը հրաժարվել էր պաշտպանել ամբաստանյալի շահերը` աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով:
Այսօր կայացած նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի պաշտպան Ա. Շահբազյանը: Վերջինս դատարանին տեղեկացրել էր, որ իրեն կփոխարինի փաստաբան Ինգա Ավագյանը, սակայն նա ևս չէր ներկայացել նիստին: Ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը դատարանին հայտնեց, որ խոսել է իր պաշտպանի հետ և նա այս պահին գտնվում է մեկ այլ նիստի, իսկ Ինգա Ավագյանից տեղյակ չէ:
Դատարանը որոշեց նիստն ընդհատել և մի քանի րոպեով ընդմիջում հայտրարել, որի ժամանակ Վարազդատ Սաֆարյանը կապ կհաստատի իր պաշտպանի հետ:
Ընդմիջումից հետո փաստաբան Շահբազյանը ներկայացավ նիստին և դատարանին հայտնեց, որ գտնվում էր Աջափնյակի դատարանում մեկ այլ գործով նիստի, որը կիսատ թողնելով ներկայացել է այս նիստին:
Նշենք, որ նախքան նիստն սկսվելը ամբաստանյալ Մովսես Ազարյանն իրեն վատ էր զգացել և նրա ցանկությամբ շտապօգնություն էր կանչվել դատարան:
«Ականջս էր ցավում, ցավազրկող տվեցին և անցավ: Այժմ ինձ լավ եմ զգում»,-իր խոսքում նշեց ամբաստանյալը:
Րոպեներ անց նիստերի դահլիճ հրավիրվեց գործով վկա Հովհաննես Հովհաննիսյանը, վերջինիս ցուցմունքը մնացել էր անավարտ: Պատասխանելով կողմերի հարցերին վկան նշեց, որ պնդում է այն հանգամանքը ինչը կրկնել է նախորդ նիստի ժամանակ և Հայկազին դատարանում ներկա 4 ամբաստանյալներն են տարել ներքև: Վկային հարցեր ուղղեցին նաև ամբաստանյալներ Գնել Թևոսյանը և Մովսես Ազարյանը, վերջինս շատ հարցերի պատասխանում էր` «Չեմ հիշում նման բան»: Վկան նաև իր խոսքում նշեց, որ դեպքի հետ կապված մանրամասներ չի հիշում, քանի որ դեպքից անցել է մոտ 3 տարի:
Ամբաստանյալ Մովսես Ազարյանի հնչեցրած հարցի ժամանակ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արկադի Բարսեղյանը տեղից բղավեց` նրան «տվար» անվանելով, ինչի համար դատարանը Ա. Բարսեղյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա և հեռացրեց նիստերի դահլիճից: Մովսես Ազարյանի նկատմամբ ևս կիրառվեց դատական սանկցիա` զգուշացում, քանի որ ամբաստանյալը զուգահեռ խոսում էր, անընդհատ ինչ-որ շարժումներ էր կատարում, երբեմն ոտքի չէր կանգնում, ինչը դատավորը համարեց անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ:
«Նրան ինչ հարց տալիս ենք չի հիշում, ինչը հակասում է իր ցուցմունքին: Դա նշանակում է, որ նման բան չի եղել»,- դատարանին հայտնեց ամբաստանյալ Մովսես Ազարյանը:
Հայտարարվեց մի քանի րոպե ընդմիջում, որից հետո դատարան հրավիրվեց մյուս վկան` Արայիկ Թամրազյանը: Վերջինս իր ցուցմունքում նշեց, որ ճանաչում է բոլոր ներկաներին և նրանց հետ ունեցել է նորմալ հարաբերություններ: Խոսելով կատարված դեպքի մասին վկան հայտնեց, որ առավոտյան արթնանալուց հետո միջանցքից ձայներ է լսել, որից հետո հագնվել է և դուրս գալով ննջարանից տեսել է, որ բոլորը հավաքվել են Հայկազի ննջարանի դիմաց: «Հայկազի անկողինը կարմիր էր, իսկ նա էլ չկար»,- ասաց նա:
Պատասխանելով կողմերի հարցերին վկան նշեց, որ երեկոյան պառկելուց չի տեսել ննջարանոմ Մովսես Ազարյանին, սակայն առավոտյան նա կար և արթնացել է մի փոքր ուշ: Այնուհետև վկան պատմեց, որ սպայական կազմից նրանց շարել են շարահրապարակում և ասել են, որպեսզի չշրջվեն և Հայկազի կողմը չնայեն. «Այդ ժամանակ Գոռ Ասլանյանը շրջվել է և ետ է նայել, որից հետո Գնել Թևոսյանը նրան ասել է դեմդ նայի, կարողա կողից կախեմ»: Իսկ թե մոտավորապես քանի անգամ է Գոռը շրջվել վկան չկարողացավ հիշել, նա նաև հայտնեց, որ բառացի չի հիշում, թե Գնելը կոնկրետ ինչ է ասել, սակայն իմաստային առումով նույնն է եղել: «Չեմ հիշում կոնկրետ ինչ ասեց կկախեմ, թե կկախենք, գուցե նաև ասել է կողը կհայտնվես»,- ասաց վկան:
Վկայի ցուցմունքից հետո ամբաստնայլ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը հրապարակեց վկայի մասնավոր ցուցմունքը, որում վկան գրել էր, որ Մովսեսը պառկելու ժամանակ եղել է ննջարանում, իսկ Հայկազի մասին լուրը լսելուց հետո զարմացել է: Այնուհետև հրապարակվեց նաև վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ վկան պատմելով Գնել Թևոսյանի և Գոռ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասին, գրել էր, որ Գնելը Գոռին ասել է «դեմդ նայիր, թե չէ կողը կհայտնվես կամ նմանատիպ ինչ-որ բան»: Վկան նաև հայտնեց, որ չի կարող ասել, թե Գնելը դա ինչ նպատակով է ասել և ինչ է դա նշանակել` կատակ, դիտողություն, թե սպառնալիք:
Վկաների ցուցմունքից հետո դատարանը որոշեց, նիստը հետաձգել: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Նյութը` Ելենա Արամյանի