«Կցանկանայի, որպեսզի դատական նիստերն անհիմն չհետաձգվեին». կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց:

Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ  ամբաստանյալներից`  Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը այլևս չի կարող ներակայացնել Վաչե Սահակյանի շահերը` աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով, քանի որ չի կարողանում համատեղել այն:

Ամբաստանյալ Վաչե Սահակյանը ի պատասխան դատավորի հարցին հայտնեց, որ իրենք փոխհամաձայնության են եկել  իր պաշտպանի հետ և միջոցներ կձեռնարկեն առաջիկա 1 շաբաթվա ընթացքում գործում մեկ այլ պաշտպան ներգրավելու ուղղությամբ:

Նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 25-ը, որպեսզի նոր պաշտպանն այդ օրերի ընթացքում ներգրավվելուց հետո կարողանա ծանոթանալ գործին:

«Կցանկանայի, որպեսզի դատական նիստերն անհիմն չհետաձգվեին, եթե նույնիսկ  հետաձգվում է, թող հիմնավոր պատճառով հետաձգվի»,- մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանը: Նա նշեց, որ գոհ է դատական նիստերի ընթացքից, պարզապես գործը շատ է ձգձգվում, և արդեն 3-րդ տարին է, ինչ ընթանում է:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ Հայկազի մայրը չի գալիս նիստերին, պարոն Բարսեղյանը պատասխանեց, որ ինքը չի ցանկանում, որպեսզի կինը ներկա լինի նիստերին. «Չէի ցանկանա, որպեսզի նա գար, քանի որ նախ` վատառողջ է, բացի այդ կին է, ինչպես էլ լինի, արտահայտություններ անելու է, որպեսզի մթնոլորտը չշիկանա մեր պատճառով, դրա համար ճիշտ կլինի, որ նա չգա»:  

Պարոն Բարսեղյանը նաև նշեց, որ շատերն են ցանկանում գալ, սակայն ինքը թույլ չի տալիս, որպեսզի անհիմն վիճաբանություններ տեղի չունենան, և դատական նիստերն էլ անհիմն չհետաձգվեն:

«Երևի սա միակ դատական նիստն է, որ այսպիսի դաժան սպանություն է տեղի ունեցել,  և հանգիստ մթնոլորտով ընթանում է, ինչը կախված է հենց ինձանից: Կցանկանայի, որպեսզի մյուս կողմն էլ իրեն բռի մեջ պահի», – ասաց նա:

Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում վիճաբանություն էր տեղի ունեցել տուժողի իրավահաջորդի  և ամբաստանյալ Նորիկ Սահակյանի ծնողի միջև, քանի որ Նորիկի մայրը մոտեցել էր գործով վկային և փորձել էր խոսել նրա հետ:

«Ես, որ տուժող կողմն եմ,  գիտակցելով զղջում եմ, արդյո՞ք իրենք գիտակցում են այդքան բանը»,- հայտնեց պարոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված՝ ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Նյութ՝ Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ