Լրահոս

Հիմնադրամի վերածված պետական բուհերի երիտասարդ դասախոսները կարող են հրաժարվել սոցիալական վճար կատարելուց. հարցազրույց

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 27-ին կայացած նիստում, կրթության և գիտության նախարարության առաջարկով, որոշում է ընդունվել «Երևանի պետական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ները վերակազմակերպել հիմնադրամների: Համաձայն որոշման հիմնավորման, նշյալ բուհերի իրավակազմակերպական կարգավիճակի այս փոփոխությունը կնպաստի դրանց միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը: Մասնավորապես, ըստ ԵՊՀ պաշտոնական կայքի հաղորդագրության, բուհի իրավակազմակերպական ձևի փոփոխման խնդիրը բազմիցս արծարծվել է ԵՊՀ գիտական խորհրդի և ռեկտորատի նիստերում, և նշվել է, որ կարգավիճակի փոփոխությունը հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, բազմազանեցնել ֆինանսական մուտքերը, ավելի արդյունավետ կազմակերպել գնումների գործընթացը և համալսարանի առջև ծառացած մի շարք այլ խնդիրների լուծումը:

Միևնույն ժամանակ, կառավարության այս որոշումը մեկնաբանվեց նաև որպես պետական բուհերում աշխատող երիտասարդ դասախոսների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ հատկապես իրենց առնչվող խնդրի մասնակի լուծման միջոց: Մասնավորապես, այդ փոփոխությամբ անուղղակիորեն հնարավորություն է տրվում՝ լուծելու համատեղությամբ պետական և մասնավոր սեկտորներում աշխատող երիտասարդ դասախոսներից նպատակային սոցիալական վճարի կրկնակի գանձման հարցը: 2014 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքով նախատեսված է, որ պետական մարմիններում աշխատող այն անձնինք պետք է պարտադիր կերպով նպատակային սոցիալական վճարներ կատարեն իրենց համախառն եկամուտների հաշվով, այդ թվում նաև՝ մասնավոր հատվածից ստացած իրենց աշխատավարձերի համար:

Այս հարցերի շուրջ LegalInfo-ն զրուցել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ.թ. Արսեն Թավադյանի հետ:

-Ըստ Ձեզ, ո՞րն է այս որոշման նպատակը: Ի՞նչ խնդիրներ կարող է այն լուծել մասնավորապես «կուտակայինի» խնդրի առնչությամբ:

-Հրապարակվող նպատակները երկուսն են՝ այսպես կոչված՝ երիտասարդ դասախոսների «կուտակայինի» խնդրի լուծումը և բուհերին ինքնավարություն տալը: Կուտակայինի հետ կապված հարցը պարզ է: Ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ ցանկացած անձ, որի վրա տարածվում է օրենքի գործողությունը, պարտավոր է վճարել սոցիալական վճար: Անձը իրավունք ունի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:  Սակայն որոշակի կատեգորիայի հանրային ծառայողները, մասնավորապես՝ ՊՈԱԿ-ների աշխատողները, ինչպես նաև այն անձինք, որոնք 2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել, չունեն կուտակայինից հրաժարվելու իրավունք:

Քանի որ բուհերի մեծամասնությունը համարվում է պետական ոչ առևտրային կազմակերպություն, հետևաբար, նրանց աշխատակիցները չեն կարող հրաժարվել սոցիալական վճար մուծելուց: Բայց հիմնադրամի վերածվելով՝ բուհն իր նախկին պետական կարգավիճակը կորցնում է և դառնում է կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որի հիմնադիրը թեկուզև պետությունն է, սակայն այն անջատ է պետությունից և դառնում է մասնավոր սուբյեկտ: Մյուս կողմից, հիմնադրամի աշխատակիցների առնչությամբ չկա արգելք առ այն, որ նրանք չեն կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելուց: Հետևաբար, հիմնադրամի աշխատակիցը ևս, կարող է դիմում ներկայացնել և հրաժարվել նպատակային սոցիալական վճար կատարելուց, անկախ նրանից, թե ինքը համատեղությամբ է աշխատում, թե ոչ (ընդհանրապես, օրենքն այս առումով որևէ տարբերակում չի կատարում):

-Կառավարության վերոհիշյալ որոշմամբ ի՞նչ փոփոխություններ կարող են լինել այդ երկու բուհերում:

-Բացի վերոնշյալ հետևանքից, կան նաև փաստացի հանդես եկող այլ հետևանքներ՝ գույքային հարաբերություններին և կառավարմանն առնչվող: Մասնավորապես, գույքային հարաբերություներին վերաբերող առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում ՊՈԱԿ-ը հանդիսանում էր գույքի օգտագործողը (իսկ գույքի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության), ապա հիմա այն գույքը՝ շենքերը և այլն, որոնք օգտագործում է, օրինակ ԵՊՀ-ն, կարող է փոխանցվել հիմնադրամին՝ որպես սեփականություն, կամ փոխանցվել վերջինիս օգտագործման իրավունքով: ՊՈԱԿ-ի դեպքում օգտագործման իրավունքի բովանդակությունը արտահայտված է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով, այսինքն, վարչաիրավական հարաբերությունների հիման վրա նախատեսված է, որ ՊՈԱԿ-ը կարող է օգտագործել իր գույքը, վարձակալության հանձնել, գույքի օգտագործումից ստացված միջոցները պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունն են և այլն: Իսկ այժմ այդ բուհերի՝ որպես հիմնադրամների և պետության միջև հարաբերությունները պետք է կառուցվեն քաղաքացիաիրավական հարթության շրջանակներում, այսինքն, օգտագործման իրավունքի բովանդակությունը պետք է կառուցվի պայմանագրի հիման վրա: Հետևաբար, այս պարագայում դժվար է ասել, թե գույքային հարաբերությունների տեսանկյունից այս փոփոխության արդյունքում բուհի իրավունքները կավելանան, թե կնվազեն:

Ինչ վերաբերում է կառավարմանը վերաբերող հետևանքին, ապա նշենք, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով ցանկացած ՊՈԱԿ պետք է ունենա տնօրեն, կառավարման խորհուրդ, իսկ եթե ՊՈԱԿ-ը բուհ է, ապա այդ բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման կարգը սահմանված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով: Մասնավորապես, պետական բարձրագույն ուսումնական հաստատության համար այդ օրենքով նախատեսված են որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ բուհի գործադիր մարմինը՝ ռեկտորը, պետք է լինի մինչև 65 տարեկան, ընտրվում է 5 տարի ժամկետով, իսկ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Մինչդեռ հիմնադրամի վերակազմակերպված պետական բուհերը, չնայած, որ հիմնադիրը պետությունն է, իսկ հոգաբարձուների խորհրդի անդամները բաղկացած են պետական մարմինների ներկայացուցիչներից, այնուամենայնիվ, չեն կարող համարվել պետական վարչական համակարգի մաս: Եթե ՊՈԱԿ-ները, տվյալ դեպքում՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող բուհերը, պետական վարչաիրավական կառուցվածքի մաս են կազմում, ապա այս դեպքում հիմնադրամն ունի նույն կարգավիճակը, ինչ, ասենք, պետության կողմից ստեղծված ՍՊԸ-ն, որը պետական կազմակերպություն չէ. այսինքն, հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերը պետության մասը չկազմող, առանձին սուբյեկտներ են: Հետևաբար, ՊՈԱԿ հանդիսացող պետական բուհերի կառավարման կարգին վերաբերող առկա սահմանափակումները հիմնադրամին չեն կարող վերաբերել: Եվ հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհի կառավարման կարգը օրենքի մակարդակից տեղափոխվում է տվյալ հիմնադրամի կանոնադրության մակարդակ, որը սահմանվելու է կառավարության կողմից: Այս պարագայում դեռևս դժվար է եզրակացնել, թե այս բուհերի կառավարման կարգում ինչ սահմանափակումներ կլինեն, կպահպանվե՞ն արդյոք նույն սահմանափակումները, որոնք կան ՊՈԱԿ-ի դեպքում:

-Իսկ այդ համալսարանների՝  հիմնադրամների վերածվելն ինչպե՞ս կազդի պետություն-բուհ հարաբերությունների վրա, մասնավորապես՝ կրթական գործընթացում:

-Ընդհանրապես, բուհերի կազմակերպական կառուցվածքի և կառավարման երեք մոդել կա. անգլոամերիկյան համակարգում բուհը համարվում է ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ, որը համապատասխան ծառայություններ է մատուցում, ֆրանսիական մոդելում պետությունն է բուհի հովանավորը և որոշում է, թե ինչ մասնագիտություններ են իրեն պետք, իսկ գերմանական կամ հումբոլդտյան մոդելի շրջանակներում համալսարանը համարվում է որպես ակադեմիական ազատություններ վայելող հիմնարկ: Մենք փաստորեն ընտրել ենք ֆրանսիական մոդելը, և պետական բուհերը մեզ մոտ համարվում են պետության հովանու ներքո գտնվող կազմակերպություններ, որոնց կողմից տրվող մասնագիտությունների ընտրության տրամաբանությունը որոշվում է պետության կողմից՝ իր կարիքներին համապատասխան:

Մյուս կողմից, քանի որ պետությունը կրում է կրթության իրավունքը երաշխավորելու պատասխանատվությունը, այն նաև պատասխանատու է՝ պետական բուհերի միջոցով ապահովելու անվճար ազատ տեղերը մրցույթով բաշխելու հնարավորությունը: Պետական բուհերի դեպքում դա նախատեսված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով: Մասնավոր բուհերի դեպքում պետությունը չունի նման պարտավորություն, չնայած որ կարող է նաև նրանց անվճար տեղեր հատկացնել: Այս հարցում ևս այժմ որոշակի կարգավորման կարիք կլինի, և որովհետև ԵՊՀ-ն և ԵՊԲՀ-ն, որպես անկախ իրավաբանական անձ, այլևս չեն համարվում որպես պետական կազմակերպություն, պետք է նրանց վերաբերյալ հստակեցնել այն հարցը, թե արդյոք այդ բուհերը, որպես հիմնադրամ հիմնադրված լինելով պետության կողմից, ևս հանդիսանում են պետական բուհեր: Քանի դեռ օրենքում այդպիսի տրամաբանություն նշված չէ, պետք է շարժվենք քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր տրամաբանությամբ, ըստ որի՝ այդ բուհերը մասնավոր իրավաբանական անձի կարգավիճակ են ստանում: Այս պարագայում արդեն պետության կողմից այդ բուհերում անվճար տեղերի բաշխման հարցը, ինչպես նաև ընդունելության ընթացակարգը ևս կարգավորման կարիք ունեն:

Ավելացնենք նաև, որ այս փոփոխությամբ հիմնադրամների վերակազմակերպված բուհերի ֆինանսական գործունեության նկատմամբ հսկողության կառուցակարգն է փոխվում: Այսուհետ հիմնադրամների ֆինանսական գործունեության հաշվետվությունը պետք է հրապարակվի նաև արդարադատության նախարարության տեղեկատվական համակարգում:

-Ինչպե՞ս կգնահատեք կառավարության այս որոշման արդյունավետությունը երիտասարդ դասախոսների համար՝ հաշվի առնելով, որ այն տարածվում է միայն երկու բուհի վրա: 

-Կառավարությունը կրթության փոխնախարարի մակարդակով նշել էր, որ այլ բուհեր ևս պետք է անցնեն նույն կազմակերպաիրավական ձևին: Սակայն պետք է նշել, որ գործընթացի սկզբում սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունքի համար պայքարող երիտասարդ դասախոսները բնավ չէին պատկերացնի, որ խնդրին այսպիսի լուծում կտրվի: Հիմնական ակնկալիքը օրենքի փոփոխությունը կամ գոնե պաշտոնական պարզաբանման տեսքով որոշակի հստակություն մտցնելն էր: Իսկ այսպիսի լուծումը անուղղակի միջոց է, որովհետև բուհերի կազմակերպաիրավական ձևի փոփոխությունը՝ որպես կուտակային վճարների խնդրի լուծման միջոց, այդ փոփոխության երկրորդական և նույնիսկ երրորդական հետևանքն է:

Ավելի ճիշտ կլիներ ուղղակի, որ այս փոփոխությունը լիներ նորմատիվ բնույթի, որովհետև մոտ երկու տասնյակ պետական բուհերի դեպքում կառավարությունը պետք է նույնքան համապատասխան որոշումներ ընդունի, որոնց հրապարակման և ուժի մեջ մտնելու համար որոշակի ժամանակ է պետք: Մինչդեռ սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է: Այսինքն որոշակի մտավախություն կա, որ դասախոսները կարող են չհասցնել: Պետք է հաշվի առնել նաև, որ մյուս բուհերը ևս, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիան, լուրջ խնդրի առջև են կանգնած, որովհետև երիտասարդ դասախոսների ու գիտաշխատողների արտահոսք կա, և ինչքան շուտ լուծում տրվի սոցիալական վճարների խնդրին, այնքան լավ:

Սամսոն Հովհաննիսյան
Արմեն Մարտիրոսյան

Մեկնաբանություններ

86 դիտում

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: