Կարո Եղնուկյանը կտեղափոխվի Էրեբունի ԲԺԿ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռերի» 11 ամբաստանյալների գործով դատական նիստը` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստը դարձյալ չկայացավ` Կարո Եղնուկյանի ինքնազգացողության վատ լինելու պատճառով։ Նախագահող դատավորը կրկին հայտնեց, որ առանց Կարո Եղնուկյանի մասնակցության, դատական նիստը չի կարող շարունակվել: Նա նաև հայտնեց, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար Եղնուկյանն այսօր պետք է տեղափոխվի Էրեբունի բժշկական կենտրոն՝ նեղ մասնագիտական կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտության իրականացման նպատակով:

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ ինքը միջնորդություններ է ներկայացրել, որոնք կապված են այդ փորձաքննության անցկացման հետ: Դատավորն էլ ասաց, որ այդ միջնորդությունները դեռեւս քննարկման առարկա չեն, և դրանց անդրադարձ կկատարվի հետագա հաջորդ նիստին։

Տիգրան Հայրապետյանը պնդեց, որ միջնորդությունները քննարկվեն, սակայն, դատավորը թույլ չտվեց միջնորդություններ անի փաստաբանը, պատճառաբանելով, որ եթե անձն այստեղ չի, առանց իրեն միջնորդություն քննարկել հնարավոր չէ: Հայրապետյանի խոսքով՝ փորձաքննության մասնակցելով հիմա, Եղնուկյանը վտանգի է ենթարկում իր կյանքը. «Իր կյանքին սպառնացող իրական վտանգ կա, պատասխանատվությունը ձեր վրա է ընկնելու»:

Դատավորը հայտնեց, որ այդ հարցին կանդրադառնան հաջորդ նիստին և նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 11֊ին։