Նախագահի հրամանագրերով նշանակվել են դատավորներ

CourtՀոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները, հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին:

Նախագահի հրամանագրով՝ Հարություն Ենոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները, Մարգարիտա Հարթենյանը՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները, Գայանե Կարախանյանը՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: