22-ամյա տղան դատապարտվել է անչափահաս աղջկա հետ ամուսնանալու համար

22-ամյա Հովհաննես Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամանորը միասին նշելու համար իրենց տուն է հրավիրել իր ընկերուհի` 16 տարին չլրացած, անչափահաս Կարինե Մովսիսյանին և նույն օրը վերջինիս համաձայնությամբ նրան տարել է իրենց տուն:

Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Հովհաննես Մարտիրոսյանը 2013թ. դեկտեմբերի 31-ին ամանորը միասին նշելու համար իրենց տուն է հրավիրել իր ընկերուհի ՀՀ Արմավիրի մարզի Խորունք գյուղի բնակչուհի, ակնհայտ 16 տարին չլրացած՝ 1999թ.-ին ծնված, անչափահաս Կարինե Մովսիսյանին և նույն օրը աղջկա համաձայնությամբ նրան տարել է իրենց տուն: Ամանորից հետո անչափահաս Կարինե Մովսիսյանը այլևս իրենց տուն չի վերադարձել և ամուսնության նպատակով ապրել է Հովհաննես Մարտիրոսյանի տանը ու մինչև 2014թ.-ի փետրվարի 11-ը գիշերները քնել է Հովհաննեսի մայր՝ Սաթենիկ Մարկոսյանի հետ միասին, նույն անկողնում` նրա կողքին: 2014թ. փետրվարի 11-ին Հովհաննեսը Կարինեի համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած անչափահաս Կարինեի հետ, որից հետո, որպես ամուսիններ Հովհաննեսը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել Կարինեի հետ, որի արդյունքում աղջիկը հղիացել է և 11.12.2014թ.-ին ՙԱշտարակ ԲԿ՚ ՓԲԸ-ում հետազոտվելու ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 14-15 շաբաթական հղիություն:

Հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, դատարանը գտել է,  որ Հովհաննես Մարտիրոսյանը կատարել է հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Դատարանը վճռել է Հովհաննես Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և պատիժ նշանակել ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով:
Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և Հովհաննես Մարտիրոսյանի նկատմամբ սույն դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով: Հ. Մարտիրոսյանի վարքագծի նկատմամբ հսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության` ըստ բնակության վայրի համապատասխան բաժնի վրա:
Հ. Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ծանուցում: Նյութը վերցված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, իսկ անունները փոփոխված են: