2017 թվականին պետական բյուջեի եկամուտներն 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով

shiny red percent symbol with an arrow growing upwards

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը հարկային ստվերի ռիսկերի և ոլորտային այլ խնդիրների վերաբերյալ էր:

 «2017 թվականին պետական բյուջեի եկամուտներն 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով։ Չնայած նշված ցուցանիշին՝ պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով՝ հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերում։ Նշվածի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս կազմակերպվել են թվով 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ և կատարվել են ուսումնասիրություններ։ Արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում՝ հարկային ստվերի վերաբերյալ, գտնվում են նաև մի շարք այլ մարմինների իրավասությունների տիրույթում»,-նշել է Կարեն Կարապետյանը։

Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրներն ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ։ Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում կառավարության աշխատակազմ կներկայացնի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ։

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը»,- ասել է Կարեն Կարապետյանը: