Փոփոխություն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում

Քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, իսկ դատական ակտի՝ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա համապատասխան ձևակերպումներին:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  «Օրենս­դրու­թյան զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կողմից:

Նախագծի ընդունման արդյունքում Օրենսգրքով նախատեսվելու է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմքերի լիարժեք շրջանակ:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 181-րդ հոդվածը սահմանում է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը, ըստ այդմ՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝

1) այդ դատական ակտը կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի սուտ ցուցմունքների, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացության, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանության, կեղծ փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների հիման վրա.

2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռվ հաստատվել է, որ դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը կամ դատավորը գործի քննության առնչությամբ կատարել է հանցագործություն:

Օրենսգիրքը սպառիչ կերպով թվարկում է նոր երևան եկած հանգամանքները՝ որպես դատական ակտի վերանայման հիմքերը, և նման իրավակարգավորումը,  ըստ էության,  հնարավորություն չի տալիս դատարանին այդ հիմքերից բացի դատական ակտի վերանայման համար այլ հիմք կիրառել, մասնավորապես, այն դեպքում, երբ ի հայտ է գալիս գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանք, որը գոյություն է ունեցել գործի լուծման պահին և մինչ այդ անձին հայտնի չէր եղել և չէր կարող հայտնի լինել:

Նախագծին ավելիմանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am կայքում: