Վիշնյակովն ընդդեմ Ուկրաինայի 

Դիմումատուն՝ Սերգեյ Վիշնյակովը, ազգությամբ ուկրաինացի է, ծնվել է 1973 թվականին և ապրում է Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ երեխայի նկատմամբ իր ծնողական իրավունքները սահմանափակելու մասին որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է ամուսնալուծվելիս դստեր հետ տեսակցության հնարավորությունից իրեն զրկելու մասին։ 

Դիմումատուն ամուսնալուծվել է իր կնոջից 2009 թվականի հունիսին։ Այնուհետև, Ուկրաինայի ներպետական դատական ատյանները թույլատրել են Դիմումատուին մասնակցել 2-ամյա երեխայի խնամքին և դաստիարակությանը և տեսակցության կարգ են սահմանել՝ շաբաթական 3 օր։ Սակայն Դատարանի կայացրած որոշումն ի կատար ածելու Դիմումատուի բոլոր փորձերը ձախողվել են։

2009 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում Դիմումատուն բազմիցս դիմել է համապատասխան մարմիններին՝ դատական որոշումն իրագործելու պահանջով, սակայն դատական ակտերի կատարման մարմինները վերոհիշյալ որոշման հարկադիր կատարման միջոց չեն կիրառել՝ հիմնավորելով, որ նման ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։ Այնուհետև, Դիմումատուն մի քանի դատական գործ է հարուցել՝ բողոքելով, որ իր նախկին կինը հրաժարվում է ի կատար ածել Դատարանի կայացրած որոշումը և խոչընդոտում է երեխայի հետ տեսակցության իրավունքի իրականացմանը։ Դիմումատուն Դատարանի որոշումը չկատարելու հետևանքով իր նախկին կնոջ կողմից իրեն պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման պահանջի մասին հայց է ներկայացրել, սակայն ապարդյուն։ Դիմումատուն բողոք է ներկայացրել նաև ոստիկանություն, սակայն բողոքը մերժվել է։

Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուի նախկին կինը և նրանց համատեղ երեխան բնակվել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սելիդովո քաղաքում, որը գտնվում է Դիմումատուի մշտական բնակության վայրից 600 կմ հեռավորության վրա։ 2014 թվականին Դիմումատուն հայց է ներկայացրել ներպետական դատական ատյաններին՝ իր դստեր մշտական բնակության վայրը փոխելու և նրան քաղաք Նիկոլաև տեղափոխելու պահանջով։ Դիմումատուն իր հայցի մեջ նշել է, որ կարող է իր երեխայի բարեկեցիկ կյանքի համար ավելի նպաստավոր պայմաններ ապահովել, քան երեխայի գործազուրկ մայրը, ինչպես նաև նշել է, որ համապատասխան ժամանակահատվածում Սելիդովո քաղաքում երեխայի կյանքի համար վտանգավոր պատերազմական գործողություններ են իրականացվել։ Այնուամենայնիվ, ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած հայցը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է, որ իրավապահ մարմինները և Հարկադիր կատարման ծառայությունը պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները և չեն իրագործել ներպետական դատական ատյանների կողմից կայացված որոշումը։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ուկրաինան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 7․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․000 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։