Վերջին 9 ամիսներին Լոռու մարզում գրենցվել է հանցագործության 1058 դեպք

2017թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից սպասարկվող վարչական տարածքում գրանցվել է հանցագործության 1058 դեպք, որոնցից 984-ը բացահայտվել է: Բացահայտման ցուցանիշը այս տարի կազմել է 93%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 90.9%:

Հաշվետու ժամանակահատվածում բացահայտման արդյունքների աճ է արձանագրվել, մասնավորապես, միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործություններով, հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններով բացահայտման ցուցանիշը մարզում կայուն է:
2017թ. 9 ամիսներին զգալի աշխատանքներ են տարվել նախկին տարիներին կատարված և չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Հաշվետու ժամանակահատվածում վերսկսվել է նախկին տարիներին կասեցված 69 քրեական գործ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման նպատակով ակտիվ համագործակցություն է իրականացվել Լոռու մարզի դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության հետ:

Արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 26 հանցագործություն (2016թ. 9 ամիսների ընթացքում` 28):
Կազմակերպվել և իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ «Թրաֆիկինգ»-ի և հարակից հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ:

2017թ. ընթացքում առանձին հանցագործությունների դեմ պայքարի հիմնական ուղղություններից է եղել հրազենի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 51 դեպք:

 2017թ. 9 ամիսների ընթացքում գրանցվել է հրազենի ապօրինի շրջանառության 65 դեպք: Անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնելու 66 /2016թ.-ին՝ 59/ դեպք: Կամովին հանձնվել է 6 անվանում 30 միավոր զենք, 5 անվանում զինամթերք, այդ թվում՝ 2 ատրճանակ, 1 ինքնաշեն ատրճանակ, 1 ինքնաձիգ, 22 ողորկափող հրացան, 2 հատ ակոսավոր հրացան, 2 հատ նռնականետ, 13 նռնակ, 18 նռնակի պայթուցիչ, 1 ական, 2117  տարբեր տրամաչափի փամփուշտներ, 8 ինքնաձիգի պահունակ:

Զգալի աշխատանքներ են իրականացվել հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ:
2017թ.-ի 9 ամիսների ընթացքում հետախուզում է հայտարարվել 116 անձի նկատմամբ, հաշվառումից հանվել է 141 հետախուզական գործ: Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է 110 հետախուզվող, որոնցից 63-ը՝ հետախուզվողներ նախկին տարիներից:

Հանցագործների հայտնաբերման ցուցանիշը մարզում կազմել է 9.6 %:

Բացի այդ ՈԼՄՎ ենթակա բաժինների կողմից հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է նաև այլ պետության կողմից հետախուզվող 12 /2016թ.-ին՝ 11/ հանցագործ: 2017թ. 9 ամիսների ընթացքում հետախուզում է հայտարարվել 4 անհետ կորած անձի նկատմամբ: Անհետ կորածների հայտնաբերումը մարզում կազմել է 40%, այդ թվում Տարոնի և Բազումի բաժիններում՝ 100%:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների կողմից հաշվետու ժամանակահատվածում անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել նաև բնապահպանական ոլորտի իրավախախտումների կանխարգելման և հայտնաբերման ուղղությամբ: 2017թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների կողմից իրականացվել է 802 ստուգայց /2016թ.-ին`586/, արձանագրվել է բնապահպանական ոլորտի իրավախախտումների 144 դեպք:

2017թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 615.76 խմ փայտանյութ /2016թ.-ին՝ 213խմ/:

Հաշվետու ժամանակահատվածում անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվել անձնակազմը որակյալ կադրերով համալրելու, ենթակա ստորաբաժանումներում անհրաժեշտ կազմ-հաստիքային փոփոխություններ կատարելու, կադրերի և անձնակազմի հոսունությունը կանխելու ուղղությամբ: Անհրաժեշտ ուշադրության կենտրոնում է պահվել ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների անցկացման գործընթացն ու ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի կողմից էթիկայի կանոնների պահպանման, քաղաքացիների հետ բարեկիրթ վերաբերմունքի դրսևորման հարցը:

2017թ. 9 ամիսների ընթացքում կարգապահական տույժի են ենթարկվել 19 /2016թ.-ին՝ 7/ ծառայողներ, բացասական շարժառիթներով ոստիկանությունից ծառայողներ չեն ազատվել:

Բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվել են 138 ծառայողներ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում 2017թ. 9 ամիսներին վարույթում գտնվել են ՈԼՄՎ պետի կողմից նշանակված 31 ծառայողական քննություն /2016 թ.-ին՝ 22/: Անցկացված ծառայողական քննությունների արդյունքներով՝ 8 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

Անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել ոստիկանության վետերանների հետ տարվող աշխատանքներում: Վետերանների անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ բացահայտվել է 27 հանցագործություն, հայտնաբերվել է 6 հետախուզվող: