Վարդգես Գևորգյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. դատարանը դատաբժշկական փորձաքննություն նշանակեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին դատավորը՝ Արտուշ Գաբրիելյանը, որոշում էր կայացրել փոխել Խաչատուր Գիչյանի և Մամվել Աթոյանի խափանման միջոցները՝ Մանվել Աթոյանի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց գրավ 1 մլն ՀՀ դրամ, իսկ Խաչատոր Գիչյանի նկատմամբ կիրառվեց ստորագրությամբ չհեռանալու մասին այլընտարքայի խափանման միջով։ Խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդություն ներկայցրեց նաև հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը։ Նա միջնորդեց իր պաշտպանյալ Վարդգես Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնել և, որպես այլընտրանքային խափանման միջոց՝ ընտրել ստորագրությամբ չհեռանալը։ Դատախազ Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ մարտական ուղին շեշտելով հարցը չի լուծվում, քանի որ Վարդգես Գևորգյանի տնից հայտնաբերվել են փամփուշտներ և թմրամիջոց։ Բացի այդ նաև հեռախոսազրույց է ունեցել ՊՊԾ-ում գտնվող Պավել Մանուկյանի հետ։

«Գտնում ենք, որ ստորագրությունը, նաև գրավը չի ապահովի նրա ոչ պատշած վարքագիծը, ոչ միայն գործ ունենք դատարան ներկայանալու միջնորդության հետ, այլև վարքագծի հետ»,-նշեց մեղադրողը։

«Ես ուզում եմ անդրադառնալ իմ տնից հայտնաբերված իրերին, կա ակտ։ Հրաձգությունն անցկացրել եմ գյուղում, բայց փամփուշտը պիտի հանձնեի, փամփուշտը ինձ մոտ է եղել, իմ արխիվում»,- ասաց Վարդգես Գեւորգյանը, հետո շարունակելով խոսքը նշեց, որ թմրամիջոցի հետ ինքը առնչություն չունի․ «Ցույց տվեք էդ նարկոտիկը, ցույց տվեք, որ ես կպել եմ, իմ մատնահետքերը կան, ես հանձնել եմ անալիզներ, որ ես մաքուր եմ»,- ասաց Վարդգես Գևորգյան։

Լրագրողների հետ զրույցում Լյուդվիգ Ավետիսյանը ասաց, որ իր պաշտպանյալը զինվորական ծառայության մեջ է եղել, եղել է սահմանապահ ջոկի հրամանատար. «Երևանի 70-80 կմ հեռավորության վրա նրան ձերբակալել են՝ հեռախոսազրույցի հիման վրա»։

Դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ , որոշեց Վարդգես Գևորգյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ մերժել։ Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը միջնորդեց Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Հովհաննես Վարդանյանի վերաբերյալ անցկացնել դատաբժշկական փորձաքննություն։ Դատարանը որոշեց Անուշ Մխիթարյանի միջնորդությունը՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, բավարարել։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին։