Դատախազը միջնորդեց Իշխան Բարսեղյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը ընթերցեց մեղադրական ճառը, վերջինս հայտնեց, որ գործում առկա նյութերի համաձայն՝ Իշխան Բարսեղյանի ու Էլզա Զաքարյանի մեղավորությունը հաստատված է:

Դատախազը նշեց, որ կաշառակերությունը վարկաբեկում է պետական կառավարման ապարատը, հեղնակազրկում է այն և քաղաքացիների մոտ առաջացնում է արդարության նկատմամբ հավատի կորուստ, իսկ կաշառքի միջնորդությունը հանդիսանում է ոտնձգություն պետական կառավարման ապարատի նորմալ գործունեության դեմ:

Այսպիսով՝ դատախազը դատարանին միջնորդեց  Իշխան Բարսեղյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, վերջինս հայտնեց, որ պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

Ամբաստանյալ  Էլզա Զաքարյանին՝ դատախազը միջնորդեց ազատել քրեական պատասխանատվությունից, քանի որ Էլզա Զաքարյանն առաջին անգամ է նման հանցանք կատարել, բացի այդ ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին և օժանդակել հանցագործության բացահայտմանը:

Նշենք, որ ամբաստանյալ Էլզա Զաքարյանն իր տված ցուցմունքում  ընդունել է իր մեղավորությունը:

Մեղադրական ճառից հետո դատավոր Վաչե Մարգարյանը ժամանակ տրամադրեց պաշտպանական կողմին՝ իրենց ճառին պատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 7-ին:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը: