«ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում Վահե Գրիգորյանի երաշխավորությունը ստորագրած փաստաբանների նկատմամբ իրականացվում են ճնշումներ». «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

Այսօր «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում Վահե Գրիգորյանի երաշխավորությունը ստորագրած փաստաբանների նկատամամբ ճնշումներ են իրականացվում: Հայտարարությունում ասվում է.

«Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության ընթացակարգի հավասարության, արդարության և թափանցիկության հարցը  օրերս բարձրացվել էր ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների և 100-ից ավել փաստաբանների կողմից, ինչին ի պատասխան, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 17-ին հայտարարեց, որ պատրաստ է լսել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցում իրավաբանական համայնքի առաջարկությունները:

Նախագահի վերոհիշյալ հայտարարությունից օրեր անց՝ մայիսի 20-ին ավելի քան 200 փաստաբաններ հանդես եկան Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջարկությամբ և երաշխավորեցին փաստաբան Վահե Գրիգորյանին  ՍԴ դատավորի պաշտոնում:

Մայիսի 21-ին փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Գևորգ Գյոզալյանը  ահազանգել են, որ Վահե Գրիգորյանի թեկնածության երաշխավորությունը ստորագրած փաստաբանների նկատմամբ իրականացվում են ճնշումներ: Մտահոգություններն ավելի հիմնավոր դարձան, երբ փաստաբան Սեդա Սողոմոնյանը հետ կանչեց իր ստորագրությունը երաշխավորությունից:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացի նկատմամբ, խստագույնս մտահոգված է կատարվածով  և այն դիտարկում է որպես ստվերային ճնշում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացի, ինչպես նաև փաստաբանների ազատ կամքի նկատմամբ: Կատարվածը արատավորում է ոչ միայն ճնշումները նախաձեռնողներին, այլև փաստաբանների ազատության ինստիտուտը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել բոլոր տիպի ճնշումները փաստաբանների նկատմամբ: Միևնույն ժամանակ, հավատացնում է, որ աչալրջորեն հետևելու է գործընթացի բոլոր զարգացումներին, իսկ նման ճնշումների մասին բոլոր փաստերին արտացոլելու է կազմակերպության զեկույցներում, որոնք հասանելի են լինելու ինչպես հայ հանրությանը, այնպես էլ՝ կազմակերպության միջազգային գործընկերներին»։

Նշենք, որ երեկ բազմաթիվ փաստաբաններ ՀՀ նախագահին առաջարկել են Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակել փաստաբան Վահե Գրիգորյանին: Այսօր այդ փաստաբանների թիվը հասել է 230-ի:

«ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին երաշխավորելու հայտարարությանն այս պահին միացել են 230 փաստաբան»,- այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: