ԱԻ նախարար ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի գլխավորությամբ:

Ամբողջ աշխարհում հայտնի Վեոլիա խումբը լուրջ փորձառություն ունի նաև արտադրական թունավոր թափոնների վերամշակման, պահպանման և չեզոքացման գործում:

Ընկերությունն արձագանքել է ՀՀ ԱԻՆ օգնության հայտին, այն է՝ փորձագիտական աջակցություն տրամադրել «Նաիրիտ» գործարանի առկա վիճակի ուսումնասիրության և խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար:

Կրիստիան Լըֆեն իր խոսքում նշեց, որ Վեոլիա խմբի կազմում կան մասնագիտացված ընկերություններ, որոնք կարող են հետաքրքրվել ԱԻ նախարարության բարձրացրած հարցով:

Շնորհակալություն հայտնելով օգնության ձեռք մեկնելու համար՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նշեց, որ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում պետական և մասնավոր հատվածների փոխգործակցությունը չափազանց կարևոր է, և եվրոպական 3 երկրներից ժամանած փորձագետներ արդեն սկսել են իրենց ուսումնասիրությունները:

– Հուսով եմ, որ մենք միասին կարող ենք գտնել խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը,- ասաց ԱԻ նախարարը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայացուցիչներին գործարանի ներկա վիճակը հակիրճ ներկայացնելուց հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց «Նաիրիտի» տվյալները փոխանցել Վեոլիա խմբի համապատասխան կազմակերպություններին և, անհրաժեշտության դեպքում, փորձագետներ հրավիրել Հայաստան, որոնք ուսումնասիրելով իրավիճակը՝ կփորձեն ամբողջական տեխնիկական առաջարկ ներկայացնել խնդրի լուծման համար: