«Սասնա ծռեր»-ի ևս մեկ անդամ ստորագրությամբ արձակվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին ներկայացվեց «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն։ Վերջինիս պաշտպան Անուշ Մխիթարյանը որպես միջնորդության հիմքեր նշեց Հովհաննես Վարդանյանի առողջական վիճակը և պատշաճ վարքագիծ դրևորելու հանգամանքը։ Մեղադրողը միջնորդությանը չառարկեց և նշեց, որ կարող է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց։ Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հրապարակեց միջնորդությունը բավարարելու մասին որոշումը։ Նրա նկատմամբ ընտրվեց այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Դատական նիստը հետաձգվեց մինչև հևնիսի 14-ը։