«Սասնա Ծռեր»-ի անդամ Արայիկ Հակոբյանը ևս ազատ է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր》-ի քրեական գործի քննությությունը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։

Պաշտպան Երվանդ Վարոսյանը դատարանին  միջնորդեց փոփոխել իր պաշտպանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոց կալանքը, խափանման միջոց առաջարկեց անձնական երաշխավորությունը. «Արայիկ Հակոբյանի համար, այսօր առավոտյան անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը»,- ասաց փաստաբանը, մանրամասնելով,որ վերջիններս երաշխավորում են, որ ամբաստանյալ Արայիկ Հակոբյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խոչընդոտի դատավարական բնականոն ընթացքին։

Պաշտպանական կողմը միացավ ներկայացված միջնորդությանը, մեղադրող կողմը այս անգամ ևս չառարկեց միջնորդության դեմ։

Հայտարարված ընդմիջման ընթացքում դատարան ժամանեցին երաշխավորություն ներկայացրած պատգամավորները. «Անձնական երաշխավորողը նաև պատիժ կարող է կրել, եթե չարամտորեն չի կատարում իր պարտականությունները, ինչի հետևանքով ամբաստանյալը խուսափում է դատաքննությունից: Այդ դեպքում երաշխավորը պատիժ է կրում որպես տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ երկու տարվա ազատազրկմամբ: Մնացած դեպքերում գումարը վերադարձվում է անձնական երաշխավորին»,- երաշխավորներին պարզաբանեց դատավոր Արշակ Վարդանյանը։

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը հրապարակեց միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշումը, արդյունքում՝ Արայիկ Հակոբյանը հենց նիստերի դահլիճից ազատ արձակվեց։

Դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 3-ը։

Հավելենք, որ այս գործով անցնող 11 ամբաստանյալներից արդեն իսկ ազատ են արձակվել 9-ը։

Հիշեցնենք, որ Արայիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին: