Առևտրի համաշխարհային կազմակերպությունը վերահսկողություն է իրականացնում ծխախոտի արտադրության ոլորտում

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերահսկողություն է իրականացնում՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրության գործընթացի վրա։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը նոր ծրագիր է ներկայացրել, որի շրջանակներում սահմանվել են ծխախոտի արտադրատեսակների փաթեթավորման խիստ պահանջներ՝ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիայի դրույթներին համապատասխան։  ԱՀԿ գլխավոր տնօրենը ողջունել է այս կապակցությամբ Ավստրալիայի դիրքորոշումը, որը նույնպես միացել է ծրագրին և ծխախոտի արտադրատեսակների փաթեթավորման համար խիստ պահանջներ է սահմանել երկրում։

Հունիսի 28-ին Ժնևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեվեդուն նշել է, որ Ավստրալիան լուրջ քայլեր է ձեռնարկել՝ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիայի դրույթների իրականացման ուղղությամբ: Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից նախաձեռնված ծրագրի նպատակն է՝ վերացնել ծխախոտային արդյունաբերության ոլորտի իրավական դաշտում առկա խնդիրները և խիստ պահանջներ սահմանել՝ ծխախոտի արտադրատեսակների տուփերի չափսերի, գույնի և դրանց վրա ծխելու վնասակարության մասին գրությունների վերաբերյալ։

Ավստրալիան առաջին երկիրն է, որ կատարել է ծխախոտի արտադրատեսակների տուփերի վերաբերյալ ծրագրով նախատեսված պահանջները՝ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային համապատասխան։ Ներկա դրությամբ Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից նախաձեռնված ծրագրի շրջանակներում ծխախոտային արդյունաբերության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում նշանակալից հաջողությունների են հասել նաև Հունգարիան, Իռլանդիան, Ֆրանսիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը: Հոնդուրասը, Դոմինիկյան Հանրապետությունը, Կուբան և Ինդոնեզիան բողոք են ներկայացրել Ավստրալիայի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ մեղադրելով Կանբերրային ազատ առևտրի իրավունքները սահմանափակելու մեջ։ ԱՀԿ արբիտրաժային խումբը մերժել է երկրների ներկայացրած բողոքը, սակայն նրանք կարող են բողոքարկել այդ որոշումը 60 օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիան ընդունվել է 2003 թվականի մայիսի 21-ին։ 2004 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանը նույնպես միացել է կոնվենցիային։ Ներկայումս կոնվենցիան վավերացրած պետությունների թիվը կազմում է 180։ ՄԱԿ-ի անդամ պետություններից ԱՄՆ-ն, Արգենտինան, Ինդոնեզիան, Կուբան և Մարոկկոն դեռևս չեն վավերացրել կոնվենցիան:

«Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիայի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը։