Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2017թ-ի գործունևության արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը ՀՀ դատախազության 2017թ. գործունեության արդյունքների ամփոփման շրջանակներում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը և մարզի իրավապահ մյուս կառույցների ներկայացուցիչները:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը  ներկայացրել է 2017թ. ընթացքում մարզում հանցավորության ընդհանուր վիճակը, դրա դեմ քրեաիրավական պայքարի ցուցանիշները, արձանագրված հանցագործությունների դեպքերով իրականացված հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության հիմնական արդյունքները:

 Վեր են հանվել նաև  հանցագործության կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, ներկայացվել են դատախազության կողմից դրանց չեզոքացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ու արդյունքները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բարձր է գնահատվել Շիրակի մարզի դատախազության աշխատանքները, հատկապես կարևորվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում մարզի դատախազության ծավալած գործունեության արդյունավետությունն ու այդ ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները: