ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին, Արայիկ Խանդոյանին և Աշոտ Պետրոսյանին

Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին օրից սկսած, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, իրականացվում են պարբերական այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում յուրաքանչյուր անգամ տեղի է ունենում առանձնազրույց Գարեգին Չուգասզյանի հետ, ստուգվում են պահման պայմանները, նրա առողջական վիճակն ու համապատասխան փաստաթղթերը` հաշվի առնելով հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը:

Վերջին այցի ժամանակ՝ մայիսի 10-ին, Գարեգին Չուգասզյանի գիտակցությունը եղել է պարզ, սակայն զգացել է թուլություն: Հացադուլով պայմանավորված՝ նրա առողջական վիճակն այնպիսին է, որ պահանջում է առավել ինտենսիվ բժշկական հսկողություն: Դրանից բացի, հաշվի առնելով, որ Գարեգին Չուգասզյանի խցի պայմաններն ընդունելի չեն՝ ինչպես բանավոր, այնպես էլ համապատասխան գրությամբ բարձրացվել է նրա խուցն անմիջապես փոխելու հարց:

Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են նաև Գարեգին Չուգասզյանի փաստաբանի հետ:

Քրեակատարողական հիմնարկ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև հացադուլի մեջ գտնվող Արայիկ Խանդոյանի և Աշոտ Պետրոսյանի հետ: Նրանց կողմից բարձրացված մի շարք խնդիրներ անմիջապես ստացել են դրական լուծում, այդ թվում՝ Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ Աշոտ Պետրոսյանին հանձնուքի միջոցով փոխանցվել է հենակը:

Հացադուլում գտնվող անձի նկատմամբ վերաբերմունքը պահանջում է բացառապես բժշկական մոտեցում՝ հատուկ սկզբուններով: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է հացադուլ իրականացնող անձին մշտական բժշկական հսկողության ներքո պահելը: Հաշվի առնելով, որ հացադուլի մեջ գտնվող անձանց նկատմամբ բժշկական հսկողությունը պատշաճ մակարդակով ապահովված չի եղել՝ բարձրացվել է այդ կապակցությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու հարցը։