Մինչև 2024 թվականը նվազեցնել աշխարհում քաղաքացիություն չունեցող անձանց թիվը․ ՄԱԿ

Քաղաքացիություն չունեցող միլիոնավոր մարդիկ ապրում են անորոշության վիճակում՝ չկարողանալով իրականացնել իրենց հիմնական իրավունքները: Այս երևույթը վերացնելու համար չորս տարի առաջ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակը սկսել է մի ծրագիր իրականացնել, որը զգալի արդյունքներ է տվել։ Բայց այսօր պետք է ավելի արագ և վճռական գործողություններ իրականացնել։

Քաղաքացիության բացակայությունը կարող է մարդուն զրկել կրթության, բժշկական օգնության և աշխատանք գտնելու հնարավորությունից: Նրանք չեն կարող ամուսնանալ, բնակարան գնել, ազատ տեղաշարժվել և մասնակցել հասարակության կյանքի բնականոն գործընթացներին։

Այս խնդրի հիմնական պատճառը անկատար օրենքներն են, որոնք հաճախ հանգեցնում են ոչ քաղաքացիների նկատմամբ խտրականության դրսևորումների: «Այս երևույթը հնարավոր է վերացնել` կանխելով ազգային օրենսդրությամբ և պրակտիկայում ամրագրված խտրականության ցանկացած դրսևորումը»,-հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին և հավելել է, որ Քենիան, Ղրղըզստանը և Թայլանդը օրինակ են ծառայում այլ պետությունների համար՝ ապացուցելով, որ քաղաքական կամքի և միասնական գործողություններ կատարելու վճռականության շնորհիվ կարելի է քաղաքացիություն ձեռք բերելու և դրա շնորհիվ կյանքը բարելավելու գործում օգնել տասնյակ հազարավոր մարդկանց։

ՄԱԿ-ում նշել են, որ քաղաքացիություն շնորհելու ծրագրի մեկնարկից չորս տարի անց 166.000 մարդ քաղաքացիություն է ստացել, և 20 պետություն միացել է համապատասխան միջազգային կոնվենցիաներին: Մի շարք երկրներ բարելավել են քաղաքացիություն հատկացնելու ներքին ընթացակարգերը, փոխել են օրենսդրությունը և չեղյալ են հայտարարել այն օրենքները, որոնք արգելում են կանանց փոխանցել քաղաքացիությունն իրենց երեխաներին։

Սակայն աշխարհում դեռևս կան միլիոնավոր մարդիկ, ովքեր ոչ մի երկրի քաղաքացի չեն հանդիսանում։ Նրանց մեծ մասը ապրում է Աֆրիկայում և Ասիայում: 2017 թվականին 70 երկրներից ստացած տեղեկատվության համաձայն՝ քաղաքացիություն չունեցող մարդկանց թիվը գերազանցել է չորս միլիոնը։

«Ես կոչ եմ անում աշխարհի բոլոր քաղաքական գործիչներին, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներին անմիջապես վճռական քայլեր ձեռնարկել` մինչև 2024 թվականը քաղաքացիություն չունեցող մարդկանց թիվը նվազեցնելու ուղղությամբ: Դա ճիշտ կլինի և՛ մարդկային, և՛ էթիկական ու քաղաքական տեսանկյունից», – ընդգծել է Ֆիլիպպո Գրանդին: