«Հայաստանում վաղուց Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց պետք է լիներ». հուշարձանագետ

ՀՀ-ում փողոցները և դպրոցները պետք է լինեն այն մարդկանց անուններով, ովքեր մեծ վաստակ ունեն ազգապահպանության գործում, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության նախաձեռնությանը, համաձայն որի Երևանի այն դպրոցներն ու փողոցները, որոնք կրում են բոլշևիկների, կոմունիստների կամ ռուս գրողների անունները պետք է վերանվանվեն` գրականագետը հավանություն տվեց այդ նախաձեռնությանը:

«Ո՞վ գիտի, թե որտեղ է գտնվում Տորբուխինի փողոցը Երևանում: Նա եղել է ԽՍՀՄ մարշալ, սակայն նա բացարձակապես կապ չունի Հայաստանի հետ: Այդ անունը պետք է փոխվի: Այսօր շատ փոքր ավաններում և քաղաքներում դեռ կան Մարքսի, Էնգելիսի, Կիրովի անվան փողոցներ»,- ասաց նա:

Անդրադառնալով այլ փողոցների՝ նա նշեց, որ ներկայիս Մաշտոցի պողոտան նախկինում եղել է Սունդուկյանի անվան, որին հաջորդել է Ստալինի անվան, հետո Լենինի և վերջապես գտել է իր ճիշտ անունը:

«Յուրաքանչյուր հեղափոխություն նախ սկսվում է փողոցների ազգայնացումից: 1918 թվականին առաջին անգամ սկսեցին փողոցներն ազգայնացնել, եկան բոլշևիկները, փոխեցին, այնուհետև 1991 թվականին եկան նոր իշխանությունները և նորից փոխեցին փողոցների անունները: Պատահական անուններն ու առաջնորդապաշտական երևույթները պետք է մաքրվեն: Ազգային գենետիկ կոդը սերունդներին փոխանցող հիշողությունը պիտի պահպանվի»,-ասաց նա:

Բանախոսի կարծիքով չպետք է նայել կուսակցական պատկանելությանը, քանի որ Խանջյանը, Մյասնիկյանը այն տղաներն են, որոնք Հայաստան են ստեղծել: «Մյասնիկյանի օրոք Հայաստան էին գալիս Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Թամանյանը, Սարյանը, Կոջոյանը, Քոչարը և այլք»,- ասաց գրականագետը:

«Հայաստանում վաղուց Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց պետք է լիներ», -այս մասին  ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նրա կարծիքով սա հայ ժողովրդի կամքն է, և ցանկացած խնդիր պետք է դիտարկել հայ ժողովրդի բարօրության տեսանկյունից: Հուշարձանագետը դեմ չէ, որ որոշ փողոցներ անվանափոխվեն:

«Օրինակ Լենինգրադյան փողոցը գուցե արժե Մոսկվայում կամ Պետերբուրգում պահել, բայց Հայաստանում՝ ոչ: Լեոնիդ Ազգալդյանի մահից անցել է տասնամյակից ավել, սա նույնիսկ շատ ուշ է »,- ասաց նա:

Ս․ Կարապետյանի կարծիքով կան մարդիկ, որոնց շնորհիվ է, որ մենք այսօր կանք և փողոցն ինչ է, որ չպատվենք նրանց և չկոչենք նրանց անունով:

«Սա աննպատակ չէ, սա ապրողներիս ապրելու ուղենիշն է, թե ովքեր պետք է լինեն մեր օրինակը, ում պիտի ձգտենք նմանվել»,- նշեց  նա:

Բանախոսների կարծիքով պետք է փողոցները անվանակոչել այն մարկանց անուններով, որոնք ծառայություն են մատուցել ազգին` անկախ կուսակցական պատկանելությունից:

Մեկ այլ կարծիքի է ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը, որը մերժում է «Ելք» խմբակցության առաջարկը փողոցների անվանափոխության վերաբերյալ: Նրա կարծիքով չի կարելի նեղացնել աշխարհայացքն ու քաղաքակրթությունը` անհրաժեշտ է ավելի լայն մտածել: Ցանկացած ժամանակաշրջանի առաջնորդներ սխալներ գործել են, սակայն անցյալը ջնջելն անթույլատրելի է:

«Սրա նպատակն այն է, որ հայ ժողովրդին հանեն ռուսների դեմ: Սովետական գործիչները գուցե արել են սխալներ, սակայն նույն Գրիբոյեդովը մեզ համար զոհվեց, մենք էլ զոհվել ենք նրանց համար»,- կարծիք հայտնեց նա:

Ճարտարապետի խոսքերով կա հոգու ճանապարհ, որով կապված են հայ և ռուս ժողովուրդները. «Ռուսաստանում էլ կան հայկական եկեղեցիներ, ի՞նչ է, նրանք էլ պե՞տք է քանդեն հայականը»:

Վերջում հավելեց, որ մարդկային պատմությունը քաղաքակրթական կամուրջներով է կառուցվել և չի կարելի այդ կամուրջները քանդել:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը հանդես է եկել Երևանի փողոցներն ազգային հերոսների անուններով անվանափոխելու նախաձեռնությամբ: Առաջարկվում է Լենինգրադյան փողոցն անվանափոխել արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով: Նշենք, որ վերջին շրջանում ստորագրահավաքներ էին իրականացվում այդ ուղղությամբ և քաղաքացիների մեծ մասը տվել է իր համաձայնությունը փողոցն անվանափոխելու վերաբերյալ:

Առաջարկվում է փոխել նաև Սարգիս Կասյանի և Անաստաս Միկոյանի անվան փողոցները:

Նյութը՝ Ելենա Արամյանի