Վերաքննիչ քրեական դատարանը  Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին

Վերաքննիչ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին, ժամը 16-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին սկսվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը և Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքը ներկայացնելուց հետո դատախազները և քննիչները պետք է առարկություններով հանդես գային, սակայն շուրջ 8 ժամ տևած բողոքի քննությունը հետաձգվել էր՝ այսօր ժամը 14.00-ին շարունակվելու որոշմամբ:

Նշենք, որ քննվում էր երկու միջնորդություն, մեկը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով, մյուսը՝ փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ հնարավոր է դատավարությունն այսօր ավարտվի, բայց դատական ակտը այսօր չհրապարակվի, փաստորեն այդպես էլ եղավ. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ ակտը ինչպես նշեցինք կհրապարակվի երկուշաբթի օրը:

«Նա ունի հնարավորություն մարզվելու, մեկժամյա զբոսանքի, ինչպես նաև ունի հնարավորություն աշխատել իր գրքի վրա»,-ասաց Արամ Օրբելյանը։

Արամ Օրբելյանը նշեց նաև, որ առաջիկայում պատրաստվում են բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա դրված արգելանքի որոշումը:

Հիշեցնենք, որ  հուլիսի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում որոշում էր կայացվել վերջինիս նկատմամբ խաբանման միջոց ընտրել կալանավորումը:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

 

 

Մեկնաբանություններ