Մահվան ելքով վրաերթ Ռոստովյան փողոցում. վարորդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ռոստովյան փողոցում տարեց կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել:
Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 10-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Ք.Կարապետյանին՝ ծնված 1941թ., ով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Պարզվել է, որ վրաերթից հետո մեքենայի վարորդը թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով` ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ,  և 244-րդ հոդվածով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փետրվարի 11-ին  մեքենայի վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ստուգվել վարորդի սթափության աստիճանը:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: