Դիմումատուն՝ Աննա Սկուդաևան, ազգությամբ ռուս է, ծնվել է 1975 թվականին, բնակվում է Ռուսաստանի Կոստրոմայի մարզում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ տեղի մարզպետի մասին թերթում հոդված հրապարակելու համար զրպարտանքի և վիրավորանքի հիմքով իր դեմ հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում կայացված որոշմանը։
2006 թվականի հուլիսին Դիմումատուն հեղինակային հոդված է հրապարակել “Խրոնոմետր-Կոստրոմա” կոչվող թերթում՝ կաշառակերության վերաբերյալ։ Այնուհետև, Կոստրոմայի մարզպետը զրպարտության և վիրավորանքի հիմքով քաղաքացիական գործ է հարուցել Դիմումատուի և “Խրոնոմետր-Կոստրոմա” թերթի հրատարակչի դեմ։ Մասնավորապես, մարզպետը բողոքել է Դիմումատուի հեղինակային հոդվածում տեղ գտած մի քանի հայտարարությունների մասին։
2006 թվականի հոկտեմբերին Դատարանը Դիմումատուին մեղավոր է ճանաչել՝ մարզպետին զրպարտելու, նրա մասին հոդվածի միջոցով կեղծ լուրեր տարածելու և նրա համբավն արատավորելու համար։ Դատարանը կարգադրել է Դիմումատուին 500 Ռուսական ռուբլի գումարի չափով փոխհատուցում վճարել՝ մարզպետին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար։ Դիմումատուն բողոքել է Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։ Նույն թվականի դեկտեմբերին Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը։
Դիմումատուն բողոքել է, որ Դատարանի կայացրած վճիռները հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն) սահմանված իր իրավունքների խախտմանը։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 2․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 850 եվրո՝ դատական ծախսերի համար։
Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։