ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ դատավորների՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանըորոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որը  պահանջել են Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները՝ երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ:«Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնց հիման վրա Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը՝ դատավորների պաշտոններից:

ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, որը փոփոխվել է 2015 թվականին, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, իսկ ՍԴ նախագահինը՝ 6 տարի: Միևնույն ժամանակ, անցումային դրույթներով նախատեսված էր, որ ՍԴ դատավորները, որոնք նշանակվել էին մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, պաշտոնավարելու են հին կարգով, իսկ ՍԴ նախագահը պետք է պահպաներ մանդատը մինչև կենսաթոշակի անցնելը: Վերջերս Սահմանադրական փոփոխություններից հետո որոշում է կայացվել ՍԴ դատավորների համար սահմանել պաշտոնավարման 12-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նրանք նշանակվել, ինչպես նաև սահմանափակել ՍԴ նախագահի պաշտոնավարումը 6 տարով: ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ այս հարցով նախատեսված հանրաքվեն տեղի չի ունեցել համավարակի պատճառով, ուստի փոփոխությունները հաստատվել են ՀՀ խորհրդարանի կողմից, որոնք էլ ուժի մեջ են մտել հունիսին:

«Դատարանը որոշել է մերժել հայցը, քանի որ այն դուրս է ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնակարգի կիրառման շրջանակից (միջոցի ապահովում) և կապված չէ ՄԻԵԴ-ի կողմից նախատեսված հիմնարար իրավունքին լուրջ և անուղղելի վնաս հասցնելու ռիսկի հետ»,-նշվում է ՄԻԵԴ-ի որոշման մեջ։

Նման հայցերը բավարարվում են միայն բացառիկ դեպքերում։Ըստ պարզաբանումների, ՄԻԵԴ–ը միջոցներ է ձեռնարկում ԵԽ անդամ պետությունների նկատմամբ միայն այն եզրահանգման դեպքում, որ նման միջոցների չձեռնարկման պարագայում հայցվորը կհայտնվի զգալի և անուղղելի վնասի իրական ռիսկի տակ։ Բողոքը ստանալու դեպքում ՄԻԵԴ–ը կարող է պարտավորեցնել պետությանն ընդունել որոշակի միջոցներ դատարանում գործը քննելու ընթացքում։

Մեկնաբանություններ