Ֆեֆիլովն ընդդեմ Ռուսաստանի

Դիմումատուն՝ Սերգեյ Ֆեֆիլովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1979 թվականին և նախքան իր կալանավորումը բնակվել է Ռուսաստանի Իժևսկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն ազատազրկման դատապարտելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է նաև քրեակատարողական հիմնարկի վատ պայմանների և իր գործով դատավարության արդարացիության մասին։

2005 թվականի մարտին Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Դիմումատուին և տեղափոխել են նրան ոստիկանության բաժին։ Դիմումատուի խոսքերով՝ ոստիկանության բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և հարկադրաբար ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված հանցագործությունը։ Մասնավորապես՝ Դիմումատուն հարկադրաբար խոստովանություն է կատարել՝ իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ կանխամտածված սպանություն գործելու մասին։ Հետագայում, Դիմումատուն հրաժարվել է իր տված ցուցմունքից և բողոքել է, որ ոստիկանության աշխատակիցները հարկադրաբար ստիպել են իրեն խոստովանություն կատարել՝ փաստաբանի բացակայության պայմաններում։

Հիմք ընդունելով ոստիկանության բաժնում գտնվելու ժամանակ Դիմումատուի կատարած խոստովանությունը՝ 2005 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի ներպետական դատական ատյանները դատապարտել են Դիմումատուին 12 տարվա ազատազրկման։ Դիմումատուն բողոքել է իրեն ազատազրկման դատապարտելու մասին ներպետական դատական ատյանների կողմից կայացված որոշման դեմ, սակայն 2006 թվականի հունիսին Ռուսաստանի Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը։ Դիմումատուն բողոքել է նաև ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկվելու մասին, սակայն ապարդյուն։

2006 թվականի հոկտեմբերին իրավապահ մարմինները տեղափոխել են Դիմումատուին Ռուսաստանի կազմում գտնվող Մորդովիայի Հանրապետությունում տեղակայված քրեակատարողական հիմնարկ։ Դիմումատուի խոսքերով՝ համապատասխան ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց մեծ մասը տառապել է ՄԻԱՎ հիվանդությամբ։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի դրույթների համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։ Դիմումատուն բողոքել է քրեակատարողական հիմնարկի կարի արտադրամասում ՄԻԱՎ-ով հիվանդ դատապարտվածների հետ անձամբ աշխատելու և քրեակատարողական հիմնարկի վատ պայմանների մասին։

Այսպիսով, Դիմումատուն բողոքել է փաստաբանի բացակայության պայմաններում իր կատարած խոստովանության հիման վրա իրեն ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշման դեմ։ Վերջինս բողոքել է նաև իր գործով քրեական դատավարության արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 4․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 510 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ