ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է աշխատանքային քննարկման՝ ուղղված քրեակատարողական հիմնարկների ամենահրատապ հարցերի վերաբերյալ նպատակային հայեցակարգի մշակմանը: Քննարկումը կազմակերպել էր Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ)՝ ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ:
Հայեցակարգի մշակման շուրջ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են IRZ-ի ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, Քարլսռուհեի ՔԿՀ ղեկավար Թոմաս Մյուլլերը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմանարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ինչպես նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի աշխատակիցներ, գերմանացի փորձագետներ, այլք:
Փոխնախարար Սուրեն Քրմոյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանքային քննարկում և ընդգծել, որ այսօր վստահորեն կարելի է խոսել քրեակատարողական ոլորտի նվաճումների մասին: Դրանք են՝ պրոբացիոն ծառայության ներդնումը, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառումը, դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված բարեփոխումները, բանտային բնակչության թվի կտրուկ նվազումը, անչափահասների արդարադատության ոլորտում արձանագրված նվաճումը (անչափահաս դատապարտյալների բացակայություն), անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածության ապահովումն ու բանտային բժշկության ոլորտում իրականացրած մի շարք բարեփոխումները: «Արդարադատության նախարարությունը կարևորում է բարեփոխումների իրականացման շարունակականությունը: Դրանցից առանցքայինը վերականգնողական արդարադատության համակարգի ներդնումն է: Բարեփոխումների հիմքում դրված հիմնական սկզբունքը քրեական պատիժների համակարգի վերաիմաստավորումն է: Անձը, դատապարտվելով քրեորեն պատժելի արարքի համար, վաղ թե ուշ հնարավորություն է ստանում վերադառնալ հասարակություն և ապրել մեր կողքին: Եթե քրեական պատիժների համակարգը արդյունավետ չգործի, մենք կունենանք կրկնահանցագործության ռիսկ, հանցավորության ավելի բարձր մակարդակ, ինչը կազդի հասարակության զարգացման բոլոր գործընթացների վրա», -նշել է Սուրեն Քրմոյանը:
Թեմայի շրջանակում ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթը ներկայացրել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմադրամի ստեղծման պատմությունը, ինչպես նաև նշել, որ հիմնադրամը համագործակցում է քրեական, նոտարական իրավունքի, վճիռների և կոնվեցիաների կատարման և այլ ուղղություններով: Ամալիա Վուքերթը հույս է հայտնել, որ այս միջոցառումների շրջանակում գերմանական Հիմնադրամն ու Արդարադատության նախարարությունը դեռևս երկար ժամանակ հնարավորություն կունենան աշխատել քրեակատարողական ոլորտի բարեփոխման և զարգացման ուղղությամբ:
Քարլսռուհեի ՔԿՀ ղեկավար Թոմաս Մյուլլերը քննարկման ընթացքում անդրադարձել է դատապարտյալների վերականգնմանն ու վերաինտեգրմանը, ինչպես նաև ՔԿՀ-ներում դատապարտյալների հետ տարվող աշխատանքների կազմակերպմանը: