Քննարկվել են Հայաստանում լրագրողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը, ներկայացվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող խնդիրները, լրագրողների իրավունքների պաշտպանության հարցերը: Անդրադարձ է եղել լրագրողների նկատմամբ ոտնձգության դեպքերին, նրանց աշխատանքի խոչընդոտներին, ինչպես նաև Պաշտպանի արտահերթ զեկույցին:

Արման Թաթոյանը ընդգծել է խոսքի ազատության կարևորությունը և լրագրողների դերը հասարակության իրազեկության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ իրավապաշտպան գործունեության հարցում: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված խնդիրներն ու նոր գործառույթները:

Արլեմ Դեզիրին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը խոսքի ազատության երաշխավորման հարցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

 

Մեկնաբանություններ