ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այսօր տեղի ունեցած ՀՀ Կառավարության նսիստի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր: Առողջապահության ոլորտի պետպատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման, պետբյուջեի միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում:
Հիմնավորման համաձայն, ներկայումս սոցիալական փաթեթի շահառուների համար պետբյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատություների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը, տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն, և մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում են օրացուցային տարվա ավարտից շատ ավելի շուտ: Ստացվում է մի իրավիճակ, երբ շահառուն փաստացի չի կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և գործող կարգի համաձայն՝ ստիպված է լինում հերթագրվել` սպասելով ծառայությունների մատուցմանը 3-6 ամիս:
Գործող համակարգի պայմաններում շահառուն հնարավորություն չունի նաև անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնությունը ստանալու համար անմիջապես դիմել բժշկական հաստատությանը, քանի որ պարտադիր նախապայման է հանդիսանում սոցփաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ առաջնային պահպանման օղակի բուժհաստատության ուղեգիրը, ինչը շատ դեպքերում ֆորմալ բնույթ է կրում և ընկալվում է որպես բյուրոկրատական քաշքշուկ: Արդյունքում, շատ դեպքերում շահառուները ստիպված օգտվում են վճարովի ծառայություններից:
Այսպիսով, փոփոխություններով առաջարկվող մոդելով կառավարությունը, ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, ապահովագրում է սոցիալական փաթեթի շահառուներին ՀՀ-ում գործող առողջության ապահովագրության լիցենզիա ունեցող և սոցիալական փաթեթի շահառուների ապահովագրության ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած ապահովագրական ընկերություններում: Շահառուն հնարավորություն է ունենում առանց որևէ հավաստագրի անհրաժեշտության, միայն անձը հաստատող փաստաթղթի միջոցով դիմել ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն և ստանալ փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունները:
Շահառուին բժշկական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների ցանկը, բժշկական ծառայությունների գնացուցակը սահմանում է նախարարությունը: Արդյունքում պետբ՝յուջեից հատկացվող միջոցները կծախսվեն առավել նպատակային և հասցեական, զգալիորեն կբարձրանան շուրջ 100 հազար շահառուի սոցփաթեթի շրջանակում հատկացվող բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիությունը և դիմելիությունը:
Նախատեսվող կրկնակի վերահսկողության մեխանիզմի շնորհիվ, բացի նախարարությունից, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևի նաև ապահովագրական ընկերությունը` որպես ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ:
Վարչապետը հետաքրքրվել է, թե երբ է նախատեսվում համակարգի ամբողջական ներդրումը: «Նախատեսված է վեց ամիս հետևել այս ծրագրի իրականացման ընթացքին, որից հետո ծրագրում կընդգրկվեն սոցիալապես անապահով խավի 612 հազար ներկայացուցիչները: Մեկ տարի մշտադիտարկումից հետո կառաջարկվի Պարտադիր ապահովագրության մասին օրենքը», – հայտնել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը