«Փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու իրավակարգավորման մասին որևէ հիմնավորում առկա չէ այդ նախագծում». հանդիպում ՓՊ-ում

Այսօր փաստաբանները 1 օրյա բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ փաստաբանների նկատմամբ կիրառվող դատական տուգանքի: Այս կերպ փաստաբանները պահանջում են ՀՀ Ազգային ժողովից՝  Նախագծի և Նախագծին կցված մյուս օրենքների նախագծերից հանել դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները:

«Փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու իրավակարգավորման մասին որևէ հիմնավորում առկա չէ այդ նախագծում»,- այս մասին Փաստաբնների պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը: Վերջինս նշեց, որ դա արվում է փաստաբաններին ճնշելու նպատակով:

«Ստացվում է, որ մեզ համար պարտադիր վարքագծի կանոն է սահմանվել  մեկ ընթերցմամբ, ինչը հակասահմանադրական է: Փաստաբաններն այսօր գնացել են ամենածայրահեղ քայլերի՝  հրաժարվել են իրենց վստահորդներին պաշտպանելուց: Մենք հասկանում ենք, որ սա իրականում խնդիր է մեր մասնագիտական առաքելության համար, բայց, եթե այս տուգանքները ուժի մեջ մտան  և այս տուգանքը դարձավ այլևս իրականություն, ապա վաղը փաստաբանը չի կարողանա արդյունավետ պաշտպանել իր վստահորդի շահերը: Վերջում դրանից տուժելու է  վստահորդը»,- իր խոսքում նշեց Արա Զոհրաբյանը:

Արա Զոհրաբյանը նաև հայտնեց, որ հանդիպումներ պետք է տեղի ունենան ՀՀԿ խմբակցության, Ծառուկյան դաշինքի, Դաշնակցական խմբակցության ներկայացուցիչների հետ և կփորձեն կարգավորել այս հարցը:

ՓՊ խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանն էլ հայտնեց, որ փաստաբանները պետք է մոռանան իրենց միջև եղած տարաձայնությունները և միասնական գործեն. «Երբ միասնական ենք լինում անպայման հաղթում ենք»:

«Առանց ազդեցության գնահատման, առանց համալիր ուսումնասիրության ոչ մի իրավական նորմ իրավունք չունի մտնել հարաբերությունների կարգավորման դաշտ, քանի որ դրանք կարող են առաջացնել չափազանց անբարենպաստ հետևանքներ: Հուսով եմ, որ մեր օրենսդիրները  և մեր Գործադիր իշխանության համապատասխան մարմինները կհասկանան, որ պատահական դիպվածային կարգավորումներով չէ, որ մենք պետք է դատական կայուն և արդյունավետ իշխանություն ձևավորեք»,- այս մասին էլ ասաց ՓՊ խորհրդի անդամ Տարոն Սիմոնյանը:

Վերջինս նշեց, որ, եթե ցանկանում ենք, որպեսզի փաստաբանությունն արդյունավետորեն նպաստի դատական իշխանության կայացմանն ու զարգացմանը, ապա որևէ պարագայում դիպվածային և հատվածական կարգավորումներ չպետք է մտցնել օրենսդրական կարգավորման դաշտ:

Նշենք, որ փաստաբանների բողոքի ակցիան տեղի կունենա սույն թվականի փոտրվարի 7-ին՝ ամբողջ օրը:

Մեկնաբանություններ