Փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչների նախաձեռնությամբ ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի տեղեկացմամբ, չնայած օրեր առաջ այս Նախագծի շուրջ ծավալված քննարկմանն, ի թիվս շահագրգիռ այլ կողմերի, ներկա են եղել նաև Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այդուհանդերձ, տեղեկանալով, որ մի շարք փաստաբաններ նախագծի վերաբերյալ ևս առաջարկներ ունեն, կազմակերպվել է այս հանդիպումը:
Փաստաբան Կարապետ Բադալյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել օրենքների նախագծերի վերաբերյալ այս ձևաչափով քննարկումների կազմակերպումը:
Մասնագիտական քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին առնչվող փաստաբանների առաջարկներին, որոնց մի մասի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, որոշներն ընդունվել են համաձայնությամբ, որ դրանք կիրացվեն Նախագծի լրամշակման ընթացքում: