«Ցանկացած հեղափոխությունից հետո հաջորդ քայլը հասարակարգում քաղբանտարկյաների անհապաղ ազատ արձակման խնդիրն է». փաստաբան

«Ամենայն հավանականությամբ դեռևս դատարանների վրա կա ճնշում և ամենայն հավանականությամբ այդ ճնշումը Վճռաբեկ դատարանի կողմից է, հակառակ դեպքում հնարավոր չէ բացատրել, թե ինչու «Սասնա ծռեր»-ի գործով բոլոր դատարանները և դատախազները նույն դիրքորոշումն ունեն»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանի խոսքերով Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բան չի փոխվել, վերջինս նշեց, որ ԱԱԾ-ն պետք է ուշադրություն դարձնի Վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի վրա:

Տիգրան Հայրապետյանն աննորմալ երևույթ է համարում այն, որ ոստիկանության պաշտոնյան չի ենթարկվում դատարանի որոշմանը՝  կալանավորված անձանց  չներկայացելով դատարան:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձվեց, քանի որ ամբաստանյալներին չէին ուղեկցել դատարան:

«Գաղտնիք չէ, որ ցանկացած հեղափոխությունից հետո հաջորդ քայլը հասարակարգում քաղբանտարկյաների անհապաղ ազատ արձակման խնդիրն է: Մենք արդեն 40 օր է ունենք «անսերժ» Հայաստան, սակայն ունենք տասնյակ քաղբանտարկյաներ, որոնք հետապնդվել են այն իշխանության կողմից, որի դեմ հեղափոխությունը դրական արդյունք է արձանագրել»,- այս մասին էլ ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանը նշեց, որ իրենք մշտապես ասել են, որ քաղբանտարկյաների ազատումը պետք է լինի օրինական ճանապարհով, իսկ ՀՀ օրենսդրությունն ունի բավարար հնարավորություններ և գործիքակազմ այդ խնդիրները լուծելու համար:

«Պարզապես պետք է այդ գործիքակազմը իրավասու անձինք կիրառեն և խնդիրը լուծվեր: Այս 40 օրվա ընթացքում մի քանի լուծումներ են տվել օրինական դաշտում՝ մասնակի վերականգնելով արդարությունը, և այս տեմպերը պահպանելու դեպքում քաղբանտարկյաների հետ կապված խնդիրը հանրության շրջանում արդարացիորեն պիտի պահի այն լաված մթնոլորտը, որը մենք ունենք»,- իր խոսքում ասաց նա:

Արայիկ Պապիկյանն անդրադարձավ դատավոր Արտուշ Գաբրիելյանի երեկվա կայացրած որոշումներին, որոնց համաձայն «Սասնա ծռեր» խմբի 2 անդամների խափանման միջոցը փոխվեց, վերջինս նշեց, որ այդ քայլը ցույց է տալիս, որ մինչ հեղափոխությունը դատավորներն իրականցրել են քաղաքական պատվեր, իսկ հեղափոխությունից հետո այլ ակնոցներով են սկսել նայել արդարադատությանը:

Փաստաբանի համոզմամբ՝ ճիշտ կլինի փոխել քաղբանտարկյաների գործով դատավորներին, որպեսզի նրանք ավելի ազատ գործեն:

Վերջում փաստաբանները հայտնեցին, որ այդ պատվեր տվողներն այլևս չկան և կոչ արեցին դատավորներին հանել ակնոցներն ու օգտվել արդար դատական ակտեր կայացնելու հնարավորությունից:

Մեկնաբանություններ