Վճռաբեկի նախագահը հանդիպել է ՉԺՀ դեսպանի հետ

075001ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: 

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Վճռաբեկ դատարանի նախագահը շնորհավորել է դեսպանին Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ և բարձր գնահատելով դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների և, մասնավորապես, երկու երկրների դատական համակարգերի համագործակցության ընդլայնման գործում` նշել է. «Ձեր առաքելության ժամանակահատվածը համընկել է Հայաստանի և Չինաստանի դատական համակարգերի համագործակցության սկզբի հետ, Ձեր գործունեությամբ Դուք մեծապես նպաստել եք այդ գործընթացին»:

Արման Մկրտումյանը հույս է հայտնել, որ պարոն Տյան Չանչունի գործունեությունը հաջողությամբ կշարունակվի նոր դեսպանի կողմից և դրա արդյունքում կընդլայնվեն նախորդ տարիների ընթացքում ձևավորված Հայաստանի և Չինաստանի դատական համակարգերի ամուր բարեկամական հարաբերությունները:

Աղբյուրը՝ court.am

Մեկնաբանություններ