Ավարտվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի տնօրենի և հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:Վերականգնվել է պետությանը պատճառված 2.736.964 ՀՀ դրամի վնասը
2017 թվականի օգոստոսի 21-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել Արարատի մարզի դատախազին:
Ըստ հաղորդման՝ 2013-2015թթ. նոյեմբեր ամիսներին Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի աշխատավարձի ցուցակների համաձայն՝ մանկապարտեզի աշխատակիցներին տրվել է պարգևավճար և պահվել եկամտային հարկ, սակայն նշված գումարները չեն արձանագրվել եկամտային հարկի հաշվարկում և եկամտային հարկ չի վճարվել: Նշված ժամանակահատվածում մանկապարտեզը չի գործել և աշխատողների անվան դիմաց դրված ստորագրությունները կասկած են հարուցում: 2013-2015թթ. ընթացքում աշխատավարձի ցուցակներով վճարվել է 2.776.000 ՀՀ դրամ: Աշխատավարձի ցուցակներում առկա է մանկապարտեզի տնօրեն Ք. Ամիրյանի ստորագրությունը:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել Վեդիի քննչական բաժին:
Նախաքննությամբ պարզվել է, որ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ին հնարավոր պատճառված վնասն ըստ տարիների կազմում է՝ 2013 թ-ին 880.000 դրամ, 2014 թ-ին 924.000, 2015 թ-ին 972.000 ՀՀ դրամ:
Պարզվել է նաև, որ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը բացի եկամտային հարկի հաշվարկում ընդգրկված աշխատակիցներից, այլ անձանց՝ թեկուզ նախկինում որպես իր աշխատակիցներ հաշվառվող, 2013-2015թթ. նոյեմբեր ամիսների համար չէր կարող գործատուի իրավական ակտով հաշվարկել պարգևատրում: Տվյալ փաստը դատահաշվապահական փորձաքննությամբ դիտվել է ոչ հիմնավոր:
Քրեական գործով ձեռք բերված տվյալներով որոշումներ են կայացվել նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություներ: Ըստ փորձաքննությունների՝ «Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2011, 2012, 2013, 2014 և 2015թթ. նոյեմբեր ամիսների հավելավճարի /պարգևավճարի/ ցուցակներում աշխատակիցների անվան դիմաց «Ստացողի ստորագրությունը» սյունակներում առկա ստորագրությունների մեծ մասը կատարվել են տնօրեն Ք. Ամիրյանի և մանկապարտեզի հաշվապահի գործառույթներն իրականացնող Շ. Խաչատրյանի կողմից, իսկ մի մասը հնարավոր չի եղել պարզել՝ հետազոտելի ստորագրությունների ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով:
Պարզվել է, որ նշված 5 տարիներին պարգևավճարների և հավելավճարների ընդհանուր գումարը կազմել է 3.586.000 ՀՀ դրամ, որից 849.036 ՀՀ դրամը վճարվել է եկամտահարկի և սոց. վճար, իսկ աշխատակիցների անվամբ դուրս է գրվել զուտ 2.736.964 ՀՀ դրամ:
Քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Ք. Ամիրյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուրը 2.736.964 ՀՀ դրամ գումար և կեղծել պաշտոնական փաստաթղթեր, իսկ Շ. Խաչատրյանն օժանդակել է Ք. Ամիրյանին յուրացման եղանակով գումարներ հափշտակելուն և կեղծել է պաշտոնական փաստաթղթեր, իսկ Նոր Կյանք համայնքի նախկին ղեկավար Մ. Աբրահամյանը, նշված տարիներին հանդիսանալով Նոր Կյանքի համայնքապետ, իր կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր աշխատանքային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ և իրականացրել է թույլ վերահսկողություն, որի հետևանքով Նոր Կյանք համայնքին պատճառվել է էական վնաս:
27.07.2018թ. Ք. Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Շ. Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, Մ. Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, ովքեր ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:
Քնարիկ Ամիրյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին այն մասին, որ իր կողմից 2.736.964 ՀՀ դրամ վճարվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի հաշվեհամարին որպես պատճառված վնասի հատուցում և դիմումին կից ներկայացվել 2.736.964 ՀՀ դրամ վճարելու անդորրագրի պատճեն, իսկ Նոր Կյանքի համայնքապետարանից ստացված գրության համաձայն՝ Ք. Ամիրյանի կողմից 2.736.964 ՀՀ դրամ մուտքագրվել է համայնքապետարանի հաշվեհամարին:
Դատախազի համաձայնությամբ որոշումներ են կայացվել մեղադրյալներ Ք. Ամիրյանի և Շ. Խաչատրյանի նկատմամբ վերը նշված հոդվածներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով՝ մեղադրյալների կողմից կատարած հանցագործություններում գործուն զղջալու հիմքով:
Նույն օրը քրեական գործով վարույթը կարճվել է և Մ. Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: