Վերականգնվել է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ Մարտունի քաղաքին կապող հիմնական ավտոճանապարհը

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները Մարտունի  քաղաքին  կապող հիմնական ավտոճանապարհը։

Մինչև հիմնանորոգումը 10,5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում էր անմխիթար վիճակում. ասֆալտբետոնե պատվածքը քայքայված էր, որոշ հատվածներում այն ընդհանրապես բացակայում էր, երթևեկելի մասի վրա ակնհայտ էին լայնական,  երկայնական և ցանցաձև ճաքեր, նստվածքներ ու փոսեր։  Դրանից բացի, չէր գործում ջրահեռացման համակարգը, վատ վիճակում էին նաև երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, համայնքների տարածքում բացակայում էին մայթերը և ճանապարհային նշանները:
Հիմնանորոգման արդյունքում այս համայնքների համար կենսական նշանակություն ունեցող 10,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ վերակառուցվել է: «Կապավոր» շինարարական ընկերության ճանապարհաշինարարները, ովքեր իրականացրել են ճանապարհի հիմնանորոգումը, կատարել են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման համակարգի նորոգման, մայթերի կառուցման, կողնակների ամրացման, ճանապարհի կահավորման աշխատանքներ:
Ճանապարհի վերականգնման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2016թ. հուլիսին։ Հիմնանորոգումը կատարվել է սահմանված ժամկետում՝ 15 ամսվա ընթացքում։ Բարեկարգված  ճանապարհն ամբողջությամբ շահագործման է հանձնվել   2017թ. հոկտեմբերի 4-ին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Մեկնաբանություններ