Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց «Իգլայի գործ»-ը: Նիստը նախագահում էր դատավոր Արշակ Վարդանյանը:
7 ամբաստանյալներից այսօր կալանքի տակ է գտնվում միայն 3-ը՝ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը, իսկ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը ստորագրությամբ ազատ են արձակվել:
Այսօր նիստի ժամանակ հրապարակվեցին ԱԱԾ-ի կողմից «Ներքին դիտման» օպերատիվ գործողությունների շրջանակում կատարված Ս. Բաբայանի աշխատասենյակում արված գաղտնի ձայնագրությունները: 3 կրիչների վրա առկա ձայնագրությունները գրեթե լսելի չէին դահլիճում՝ նրանցում առկա աղմուկի և հարակից ձայների պատճառով: Հնարավոր եղավ տարանջատել միայն մի քանի բառակապակցություններ, որոնք պարունակում էին հայհոյախառն արտահայտություններ:
Ձայնագրությունների հրապարակման ժամանակ Սամվել Բաբայանը և նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը պարբերաբար դիմում էին դատարանին, խնդրելով հստակեցնել, թե ինչքանո՞վ կապ ունեն այդ խոսակցություններն քրգործի հետ:
«Սրանք անձնական խոսակցություններ են: Կարող ա ես եմ ու չեմ ուզում, որ լսելի լինեն»:
Դատավորը փորձեց ճշտել ամբաստանյալից. կարիք կա՞ դատական նիստն ընդմիջել և դռնփակ դարձնել: Բաբայանը չհամաձայնվեց.
«Դրա կարիքը չկա, ուղղակի չեմ հասկանում, թե սրանք ինչքանով կապ ունեն գործի հետ»:
Ըստ ձայնագրության, Ս. Բաբայանի աշխատասենյակ է մտնում մի կին, որն իր խոսքում նշում է՝ պետք չէ վստահել Սանասար Գաբրիելյանին:
«Սանոն բերնից թուլ ա»,- ասում էր նա, որը հետագայում պարզվեց սույն գործով վկա, Էջմիածին քաղաքի բնակիչ, «ՕՐՕ» դաշինքին սատարած Սուսաննա Հարությունյանն էր:
«Ճիշտ էլ ասել եմ»,- տեղից բացականչեց վերջինս, որն առաջացրեց դահլիճում ներկաների ծիծաղը:
Սենյակում կատարված ձայնագրությունների հրապարակմանը հաջորդեց ամբաստանյալների հեռախոսային գաղտնալսված ձայնագրություննների վերծանված տարբերակի լսումը:
Դահլիճում լսվեց գործով վկա Հրաչյա Մայիլյանի 2017թ. փետվար-մարտ ամիսների հեռախոսային զրույցները, որոնք, ըստ մեղադրողի, առնչություն ունեն գործի հետ:
Այստեղ ևս առարկություններ հնչեցին Սամվել Բաբայանի և Ավետիս Քալաշյանի կողմից: Նրանք նշեցին, որ հեռախոսազրույցների մեծ մասը բացարձակ առնչություն չունեն գործի հետ:
Դատավոր Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ իր համար էլ հաճելի չէ այսքանը կարդալ և լսել, սակայն, եթե մեղադրող կողմը պնդում է, որ հրապարակումն անհրաժեշտ է, ուրեմն այլ տարբերակ չկա:
Հրապարակվող հեռախոսազրույցներն իրենց մեջ պարունակում էին հայհոյախառը բառակապակցություններ, անհասկանալի զրույցներ, որոնք վերաբերում էին նաև ընտրություններին. «Ընտրություններին 2 միլիոնից ավել փող են բաժանում, ասեցի վերցնենք թռնենք», «Սրանք Ալիևից էլ փող կվերցնեն, բայց կգնան Սերժին կընտրեն» և այլն:
Մեղադրողի խոսքի ավարտից հետո, Սամվել Բաբայանը դիմեց դատարանին, որ հրապարակեն նաև մի հեռախոսազրույցի սկիզբը.
«Ընդեղ կտրել եք ու չի հասկացվում, թե խոսքն ինչի մասին ա, սխալ տպավորություն ա ստեղծում: Հրապարակեք էդ հեռախոսազրույցն ամբողջությամբ»:
Դատավոր Վարդանյանն ընդունեց հայտարարությունը, բայց քանի որ բացակայում էր սկավառակների հետ աշխատող համապատասխան մասնագետը, դատարանն այդ հարցի լուծումը թողեց հաջորդ դատական նիստին:
Սկսվեց ամբաստանյալների հարցաքննության փուլը:
Ավետիս Քալաշյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, նշելով, որ իր պաշտպանյալներ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները պատրաստ չեն հարցաքննության փուլին:
Ժորա Զաքարյանի պաշտպանի ներկա չլինելը նշանակեց, որ չի կարող հարցաքննվել նաև ամբաստանյալ Զաքարյանը: Մյուս պաշտպանները ևս միջնորդեցին, որ հարցաքննությունը սկսվի հաջորդ դատական նիստի ժամանակ:
Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց ներկայացված միջնորդությունները:
Գործի վարույթը կշարունակվի հոկտեմբերի 9-ին:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Ռոզա Վարդանյան