ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով գտնվում է Լիսաբոնում, որտեղ մասնակցում է «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Աշխատանքային այցի ընթացքում Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտներում համագործակցության խթանման նպատակով «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր Սոցիալական ապահովության քաղաքականության և հետազոտությունների Եվրոպական կենտրոնի հետ:
Փոխըմբռնման հուշագրի հիման վրա համատեղ կմշակվեն սոցիալական ոլորտում ռազմավարական փաստաթղթեր, ծրագրեր, կիրականացվեն սոցիալական ոլորտի համեմատական հետազոտություններ, գիտելիքների փոխանակում:
Նախարարական համաժողովը կազմակերպվում է հինգ տարին մեկ անգամ, որտեղ քննարկվում են անդամ պետությունների կողմից փաստաթղթի իրականացման հետ կապված մարտահրավերները, այդ ուղղությամբ արձանագրած ձեռքբերումները և հետագա անելիքները: